
Ուկրաինական պատերազմի դիվանագիտական լուծումը պետք է պաշտպանի Ուկրաինայի և Եվրոպայի կենսական անվտանգության շահերը․ԵՄ
Ուկրաինացիները պետք է ազատություն ունենան որոշելու իրենց ապագան: Այս մասին, ինչպես գրել է Reuters-ը, հայտարարել են Եվրամիության անդամ պետություններն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև օգոստոսի 15-ին նախատեսված բանակցություններից առաջ։
Եվրոպացի առաջնորդները և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պլանավորում են օգոստոսի 13-ին՝ Ալյասկայում կայանալիք գագաթնաժողովից առաջ, խոսել Թրամփի հետ՝ այն մտավախությունների ֆոնին, որ Վաշինգտոնը կարող է Կիևին անբարենպաստ խաղաղության պայմաններ թելադրել։ «Իմաստալից բանակցություններ կարող են տեղի ունենալ միայն հրադադարի կամ ռազմական գործողությունների կրճատման համատեքստում», – համատեղ հայտարարության մեջ նշել են ԵՄ բոլոր երկրների առաջնորդները՝ բացառությամբ Հունգարիայի, և հավելել. «Մենք կիսում ենք այն համոզմունքը, որ դիվանագիտական լուծումը պետք է պաշտպանի Ուկրաինայի և Եվրոպայի կենսական անվտանգության շահերը»։
Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ ցանկացած խաղաղության համաձայնագիր կենթադրի «տարածքների որոշակի փոխանակում՝ ի բարօրություն» Ռուսաստանի և Ուկրաինայի, ինչը Կիևում և եվրոպական մայրաքաղաքներում անհանգստություն է առաջացրել, քանի որ վիճելի տարածքը գրեթե ամբողջությամբ ուկրաինական է։
«Արդյունավետորեն ինքնապաշտպանվելու ունակ Ուկրաինան ապագա անվտանգության երաշխիքների անբաժանելի մասն է», – նշվել է եվրոպական երկրների հայտարարության մեջ՝ հավելելով, որ ԵՄ երկրները պատրաստ են լրացուցիչ ներդրում ունենալ անվտանգության երաշխիքներում։
Զելենսկին ողջունել է ԵՄ հայտարարությունը, X-ում գրված հաղորդագրության մեջ ավելացնելով, որ Ռուսաստանը պատրաստվում է նոր հարձակողական գործողությունների։
«Իրոք, մենք բոլորս աջակցում ենք նախագահ Թրամփի վճռականությանը, և միասին պետք է ձևավորենք դիրքորոշումներ, որոնք թույլ չեն տա Ռուսաստանին կրկին խաբել աշխարհին», – գրել է նա։
Այնուամենայնիվ, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, ով Պուտինի գլխավոր դաշնակիցն է Եվրոպայում, ծաղրել է իր ԵՄ գործընկերների հայտարարությունը։
«Այն փաստը, որ ԵՄ-ը մնացել է անտեսված, բավականին տխուր է», – գրել է Օրբանը X-ում՝ հավելով․ «ԵՄ առաջնորդների համար միակ խելամիտ գործողությունը ԵՄ-Ռուսաստան գագաթնաժողով նախաձեռնելն է՝ հիմնվելով ԱՄՆ-Ռուսաստան հանդիպման օրինակի վրա»։
Գործակալությունը հիշեցրել է, որ օրեր առաջ Թրամփը կոշտացրել է իր դիրքորոշումը Մոսկվայի նկատմամբ՝ համաձայնվելով ավելի շատ ամերիկյան զենք ուղարկել Ուկրաինա և սպառնալով ռուսական նավթի գնորդներին բարձր առևտրային սակագներով՝ վերջնագրով, որն այժմ ուժի մեջ է մտել։