
Ադրբեջանը տեղյակ է ՌԴ-ի դիրքորոշման մասին Կիևին զենքի կամ կրկնակի նշանակության մարդասիրական օգնության մատակարարման հարցում. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի դիրքորոշումը Կիևի ռեժիմին զենքի մատակարարման հարցում լավ հայտնի է Ադրբեջանին: Նման գործողությունները միայն կվատթարացնեն իրավիճակը տեղում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը։
Դիվանագետը մեկնաբանել է այն տեղեկությունը, որ Բաքուն կարող է վերացնել Կիևին զենքի մատակարարման արգելքը, եթե Ռուսաստանի զինված ուժերը շարունակեն հարձակվել Ուկրաինայի տարածքում գտնվող Ադրբեջանի գազային օբյեկտների վրա։
«Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունն ուշադրություն է դարձրել այս հաղորդագրությունների վրա, և կարող եմ ասել, որ մեր ադրբեջանցի գործընկերները լավ գիտակցում են մեր դիրքորոշումը Կիևի նեոնացիստական ռեժիմին զենքի կամ կրկնակի նշանակության մարդասիրական օգնության մատակարարման հարցում։ Մենք կարծում ենք, որ նման գործողությունները չեն նպաստում հակամարտության խաղաղ կարգավորմանը և միայն կվատթարացնեն իրավիճակը տեղում», – ընդգծել է նա։