
ՌԴ փոխվարչապետը հաջորդ շաբաթ կհանդիպի ադրբեջանական կողմի հետ
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը լրագրողներին ասել է, որ հաջորդ շաբաթ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ կքննարկի Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարց. գրում է TACC-ը։
«Ես հանդիպում ունեմ ադրբեջանական կողմի հետ հաջորդ շաբաթվա վերջին։ Մենք այնտեղ նույնպես կքննարկենք այս հարցերը: Այսպիսով՝ առաջընթաց կա», – նշել է նա։
Հանդիպումը կկայանա ՌԴ-ում։
Օվերչուկը հիշեցրել է, որ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետերի մակարդակով գործում է եռակողմ աշխատանքային խումբ, որն աշխատում է եռակողմ ղեկավարների հռչակագրի իններորդ կետի իրականացման ուղղությամբ։ Խումբը մանրամասն քննարկել է ապաշրջափակման բոլոր նրբությունները։
«Մեզ հետաքրքրում է, թե որքանով են կողմերը առաջ շարժվել եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում քննարկված հարցերի լուծման գործում։ Որոշ նրբերանգներ ազդում են Ռուսաստանի շահերի վրա Հարավային Կովկասում, առաջին հերթին՝ երկաթուղային հաղորդակցության զարգացման առումով», – ընդգծել է Օվերչուկը։
Նա հավելել է, որ խնդիրների լուծումից հետո անհրաժեշտ կլինի դրանք տեղափոխել հաշվարկների, տեխնիկական և տնտեսական հիմնավորումների հարթություն, գնահատել նախագծերի տնտեսագիտությունը և իրականացնել ապաշրջափակումը։
«Սակայն դա պահանջում է եռակողմ ջանքեր այն գործակցության շրջանակներում, որը մենք ունեցել և ունենք Հայաստանի և Ադրբեջանի հետ», – եզրափակել է փոխվարչապետը։