
ԱՄՆ-ում մահացել է «աշխարհի ամենաբարի» դատավորը
Ամերիկացի դատավոր Ֆրենկ Կապրիոն, որը հայտնի էր իր հուզիչ ելույթներով, մահացել է 88 տարեկան հասակում. այս մասին հաղորդվել է նրա պաշտոնական Facebook էջում:
Հայտարարության մեջ նշվում է, որ տղամարդը մահացել է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից։
«Նրա ժառանգությունը շարունակում է ապրել նրանից ոգեշնչված մարդկանց անթիվ բարի գործերում։ Նրա պատվին մենք կփորձենք մի փոքր ավելի շատ կարեկցանք բերել աշխարհին, ինչպես նա անում էր ամեն օր», – ասված է հաղորդագրության տեքստում։
Ֆրենկ Կապրիոն 38 տարի աշխատել է Ռոդ Այլենդի Փրովիդենսի քաղաքային դատարանում։ 2023 թվականի դեկտեմբերին նա ձայնագրել էր հուզիչ տեսաուղերձ, որում խոսել էր իր ախտորոշման մասին։
Դատավորը ճանաչում է ձեռք բերել «Caught in Providence» ռեալիթի շոուին մասնակցելու շնորհիվ, որի հատվածները տարածվել են սոցիալական ցանցերում։ Ընդհանուր առմամբ, նա ուներ 1.6 միլիոն հետևորդ տարբեր հարթակներում, այդ թվում՝ TikTok-ում։