
Նոր մանրամասներ՝ Փարիզ-Երևան ինքնաթիռի անսարքության մասին. ավիաընկերությունը մեկնաբանել է տեղի ունեցածը
Ֆրանսիական Transavia ավիաընկերությունը ABC Media-ին պաշտոնապես մեկնաբանել է օգոստոսի 25-ի Փարիզ-Երևան չվերթին առնչվող խնդիրները։
Ըստ ավիաընկերության՝ Փարիզի Օռլիի օդանավակայանից Երևան թռչող TO7498 չվերթի ինքնաթիռը, որում 187 ուղևոր է եղել, թռիչքից քիչ անց՝ տեխնիկական ցուցման պատճառով Փարիզ է վերադարձել:
«Պարզվել է, որ օդանավի առջևի աջ դռան մեջ ապակի է մնացել` չնայած դուռը ճիշտ և ամուր փակված էր։ Ինքնաթիռի հրամանատարը հետևել է անվտանգության բոլոր ընթացակարգերին, և օդանավը անվտանգ վայրէջք է կատարել Փարիզում։ Ստուգումից հետո օդանավը վերսկսել է ճանապարհը Երևան՝ բոլոր ուղևորների հետ»,-ասված է ավիաընկերության պատասխանում։
Transavia France-ը նշել է, որ ուղևորների և անձնակազմի անվտանգությունն ամենաբարձր առաջնահերթությունն է և ներողություն է հայցել ուշացման և հնարավոր անհարմարությունների համար։
Ընկերությունից տեղեկացրել են, որ ուղևորներին տրամադրվել են վաուչերներ՝ Փարիզի օդանավակայանում սպասելու և սնվելու համար, ուղևորները, սակայն, ABC Media-ի հետ զրույցում դժգոհել էին, նշելով, որ այդ վաուչերները վավերական չեն եղել, իսկ ինքնաթիռի խնդրի մասին իրենց պատշաճ չեն տեղեկացրել:
Հիշեցնենք, որ նույն ավիաընկերության հետ խնդիրներ են եղել նաև օգոստոսի 10-ին՝ Երևանից մեկնելիս, երբ թռիչքը չեղարկվել էր՝ շարժիչում թռչուն մտնելու պատճառով։