
Չարլի Քըրքի սպանության գործով քննիչները գտել են զենքը և հրապարակել կասկածյալի լուսանկարները
Ամերիկացի քննիչները հրապարակել են կասկածելի անձի լուսանկարներ պահպանողական հայտնի ակտիվիստ Չարլի Քըրքի սպանության գործով և հայտնել, որ հայտնաբերել են այն հրացանը, որով, ըստ նախնական տվյալների, իրականացվել է սպանությունը։
31-ամյա Չարլ Քըրքը, որն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մտերիմ դաշնակիցն էր, սպանվել է չորեքշաբթի՝ Յուտայի Վալի համալսարանում ելույթի ժամանակ, ընդամենը մեկ կրակոցով: Թրամփն այս միջադեպը որակել է որպես «սարսափելի սպանություն»։
Քննիչները դեռևս չեն հրապարակել սպանության դրդապատճառը, սակայն Թրամփը լրագրողներին ասել է, որ իրեն հայտնի են որոշ մանրամասներ։ Նրա խոսքով՝ իրավապահները «մեծ առաջընթաց» են գրանցում գործի քննության հարցում։
Դաշնային բյուրոյի և նահանգային պաշտոնյաների տվյալներով՝ հրաձիգը համալսարանի տարածք է մտել միջոցառման մեկնարկից մի քանի րոպե առաջ։ Քըրքը բացօթյա բանավեճ էր վարում մոտ 3000 հանդիսատեսի առջև: Կադրերում երևում է, որ ենթադրյալ մարդասպանը բարձրանում է տանիք, որտեղից էլ կրակում է Քըրքի վրա։ Փամփուշտը դիպել է նրա պարանոցին, ինչից հետո հանդիսատեսի շարքերում խուճապ է սկսվել։
Հրաձիգը տանիքից ցատկել է և թաքնվել հարևան թաղամասում։ Քննիչները մոտակա անտառում գտել են հրացան և այժմ ուսումնասիրում են զենքը՝ հետքեր և մատնահետքեր գտնելու համար:
Պաշտոնյաների խոսքով՝ կասկածյալը համալսարանական տարիքի է: Նրա ինքնությունը չի հրապարակվում, սակայն սոցիալական ցանցերում և մեդիա հարթակներում արդեն ակտիվորեն շրջանառվում են ենթադրություններ նրա գաղափարախոսության մասին։
FBI-ն առաջարկում է 100 հազար դոլար այն մարդկանց, ովքեր կհայտնեն տեղեկություն ու կօգնեն բռնել կասկածյալին։ Հրապարակվել են նաև անվտանգության տեսախցիկների ոչ լավ որակի կադրերը, որտեղ «հետաքրքրություն ներկայացնող» անձը սև վերնաշապիկով, մուգ ակնոցով և մուգ բեյսբոլի գլխարկով է։ Վերնաշապիկի վրա պատկերված է ԱՄՆ դրոշի ֆոնին թռչող արծիվ։