
Թրամփի որդին գաղտնի հանդիպել է Էրդողանի հետ. Middle East Eye
Դոնալդ Թրամփ կրտսերն անցած շաբաթ Ստամբուլում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին. տեղեկացնում է Middle East Eye-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժի՝ Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) ղեկավար Օզգյուր Օզելը հայտարարել է, որ Էրդողանը գաղտնի բանակցություններ է վարել ԱՄՆ նախագահի ավագ որդու հետ Գազայի թեմայով։ Նրա խոսքով՝ այցի ընթացքում Թրամփ կրտսերին ներկայացրել են որպես «գործարար», առանց անունը նշելու։
«Երբ Պաղեստինն արյունաքամ է լինում, նրանք գործարար պայմանավորվածություններ են ձեռք բերում Թրամփի որդու հետ լոբբիստական ընկերությունների միջոցով», -ասել է Օզելը։
Նա հավելել է, որ Էրդողանը քննադատում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, բայց ոչ մի խոսք չի ասում իրական հովանավորի՝ Թրամփի հասցեին։
Էրդողանի շրջապատից մի աղբյուր հայտնել է, որ հանդիպումը եղել է, սակայն այն եղել է միայն «քաղաքավարությունից ելնելով այց»․ Գազայի կամ այլ հարցերի շուրջ պաշտոնական քննարկումներ չեն եղել։
Թրամփ կրտսերը պաշտոնական դեր չունի հոր վարչակազմում, սակայն համարվում է ազդեցիկ անձ։ Նա զբաղեցնում է «Trump Organization»-ի գործադիր փոխնախագահի պաշտոնը։
Նա Թուրքիա այցելել է նաև 2016-ին՝ որսի և բիզնես հանդիպումների նպատակով։ «Trump Organization»-ը Ստամբուլում համատեղ ներդրում ունի թուրքական ընկերության հետ «Trump Towers» նախագծում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Էրդողանը լավ հարաբերություններ ունի նաև Դոնալդ Թրամփ ավագի հետ և նախատեսում է հաջորդ շաբաթ Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում, հանդիպում ունենալ նրա հետ։
Քննարկվելու են F-16 և F-35 կործանիչների գործարքները, Սիրիայի քրդերի ինտեգրումը Դամասկոսի կենտրոնական իշխանությանը, նաև Սիրիայի և Գազայի շուրջ լարվածությունը:
Փաստաթղթերը ցույց են տալիս, որ Թրամփ կրտսերը հաճախ է այցելում տարածաշրջան․ նա հոր ուղեկցությամբ եղել է Էր Ռիադում և Դոհայում։