
Դա կարող է մեծ խնդիր լինել․ Թրամփը՝ ռուսական կործանիչների կողմից Էստոնիայի օդային տարածքը խախտելու լուրերի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դժգոհ է երեք ռուսական կործանիչների կողմից Էստոնիայի օդային տարածքը խախտելու մասին հաղորդումներից․ հաղորդում է Reuters–ը։
Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելով՝ Թրամփը նշել է, որ շուտով կտեղեկացվի միջադեպի մանրամասների մասին: ԱՄՆ առաջնորդին նաև հարցրել են, թե արդյոք նա ռուսական ինքնաթիռի ներխուժումը համարում է ՆԱՏՕ-ի համար սպառնալիք:
«Ինձ դա դուր չի գալիս: Ինձ դուր չի գալիս, երբ դա տեղի է ունենում: Դա կարող է մեծ խնդիր լինել», – պատասխանել է նա։
Բալթյան պետության գլխավոր շտաբը միջադեպի մասին հաղորդել էր նախորդ օրը։ Մասնավորապես, սեպտեմբերի 19-ի երեկոյան Էստոնիայի գլխավոր շտաբը հայտարարել էր, որ երեք ռուսական կործանիչներ խախտել են Էստոնիայի օդային տարածքը Բալթիկ ծովի Ֆիննական ծոցի Վայնդլո կղզու մոտ: Միջադեպից հետո Էստոնիայում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Արտաքին գործերի նախարարություն և նրան բողոքի նոտա է հանձնվել։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պատասխանել է, որ ուրբաթ երեք ՄիԳ-31 կործանիչները «պլանային թռիչք» են կատարել Կարելիայից դեպի Կալինինգրադի մարզի օդանավակայան: Գործակալությունը պնդում է, որ թռիչքն «իրականացվել է միջազգային կանոններին խիստ համապատասխան՝ առանց այլ պետությունների սահմանները խախտելու»։