
Թուրքիան չեղարկել է ԱՄՆ-ից ներմուծվող մի քանի ապրանքների մաքսատուրքերը՝ Նյու Յորք Էրդողանի այցի ֆոնին
Թուրքիայի իշխանությունները չեղարկել են ԱՄՆ-ից ներմուծվող մի քանի ապրանքների լրացուցիչ մաքսատուրքերը, որոնք ուժի մեջ էին 2018 թվականից: Որոշումը հրապարակվել է երկրի կառավարության պաշտոնական տեղեկագրում։
Չեղարկումը վերաբերել է 33 անուն ապրանքի, այդ թվում՝ ալկոհոլային խմիչքների, մարդատար մեքենաների, ծխախոտի և կոսմետիկ միջոցների լրացուցիչ մաքսատուրքերին: Թուրքիայի առևտրի նախարարության տվյալներով՝ որոշումը կայացվել է «բարեհաջող և արդյունավետ բանակցություններից» հետո:
«Մենք կշարունակենք աշխատել և իրականացնել քաղաքականություն՝ 100 միլիարդ դոլարի առևտրային ծավալին հասնելու համար, որը Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև տնտեսական հարաբերությունների հիմնական նպատակներից է», – հայտարարել է նախարարությունը։
Լրացուցիչ մաքսատուրքերը չեղարկելու որոշումը կայացվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ԱՄՆ այցի ֆոնին: Նա մասնակցելու է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովին, իսկ սեպտեմբերի 25-ին Վաշինգտոնում բանակցություններ կվարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։