
«Որը բարին է, թող դա էլ լինի»․ Էրդողանը՝ Թուրքիա-Ռուսաստան-Չինաստան դաշինք ստեղծելու մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեկնաբանելով երկրի «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելիի՝ Թուրքիայի, Ռուսաստանի և Չինաստանի միջև հնարավոր դաշինքի մասին հայտարարությունը, որը նպատակ ունի չեզոքացնել տարածաշրջանային սպառնալիքները, նշել է, որ դեռևս «լիովին ծանոթ չէ» նախաձեռնությանը, բայց ցանկանում է, որ «որը բարին է, դա էլ լինի», գրում է РИА Новости–ն։
Ավելի վաղ Դևլեթ Բահչելին առաջարկել էր ռազմավարական դաշինք ստեղծել Թուրքիայի, Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի միջև՝ ի հակակշիռ «չարիքի կոալիցիային», որը ներառում է Միացյալ Նահանգները և Իսրայելը։ Նա մեղադրել էր Իսրայելին Գազայի հատվածում ցեղասպանություն իրականացնելու համար, որը տևում է ավելի քան 700 օր, և ընդգծել, որ Իսրայելի սադրանքներն անմիջական սպառնալիք են ներկայացնում Թուրքիայի անվտանգության և տարածաշրջանային կայունության համար։ Հետևաբար, նա կարծում է, որ անհրաժեշտ է դիտարկել բոլոր հնարավոր սցենարները։
«Անկեղծ ասած՝ ես լիովին չեմ հետևել այս հարցին, բայց որը բարին է, թող դա էլ լինի», – ասել է Էրդողանը Նյու Յորքում լրագրողների հետ զրույցում։
Էրդողանը մասնակցելու է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովին, իսկ սեպտեմբերի 25-ին Վաշինգտոնում բանակցություններ կվարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։