
Ռուսաստանն ավելի շատ արջի է նման, քան վագրի, իսկ թղթե արջեր գոյություն չունեն․ Պեսկովը պատասխանել է Թրամփին
Կրեմլը չի կարող համաձայնել ռուս-ուկրաինական ռազմական հակամարտության վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բոլոր հայտարարությունների հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը РБК ռադիոյի եթերում։
Նա ԱՄՆ նախագահի տոնի փոփոխությունը պայմանավորել է հանրապետականի և Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հանդիպումով։ Միևնույն ժամանակ, Պեսկովը նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բարձր է գնահատում Թրամփի պատրաստակամությունն՝ օգնելու ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը, մեկնաբանելով Թրամփի այն միտքը, որ Ռուսաստանը «թղթե վագր» է, հայտարարել է, որ Ռուսաստանն ավելի շատ արջի է նման, քան՝ վագրի, իսկ թղթե արջեր գոյություն չունեն։
««Թղթե վագր» արտահայտությունն օգտագործվել է մեր տնտեսության վերաբերյալ… Ռուսաստանը, անշուշտ, վագր չէ. վերջիվերջո, Ռուսաստանն ավելի շատ ասոցացվում է արջի հետ. թղթե արջեր գոյություն չունեն», – նշել է Պեսկովը։
Նախորդ օրը՝ սեպտեմբերի 23-ին, Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո Թրամփը Ռուսաստանի ներգրավվածությունն Ուկրաինայի հակամարտությանն անվանել է «անիմաստ»։ Նա նաև նշել է, որ Ռուսաստանի տնտեսությունը գտնվում է «սարսափելի վիճակում»։