
Տիգրան Քեոսայանի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա Մոսկվայի հայկական եկեղեցում
Կինոռեժիսոր, հեռուստառադիոհաղորդավար Տիգրան Քեոսայանի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա Մոսկվայի հայկական եկեղեցում։
«Նրանք, ովքեր անձամբ չեն ճանաչել Տիգրանին, բայց, այնուամենայնիվ, սիրում են նրան և ցանկանում են հրաժեշտ տալ, կարող են դա անել կիրակի օրը՝ ժամը 15:00-ից սկսած, Օլիմպիական պողոտայում գտնվող հայկական եկեղեցում»,–տելեգրամյան իր էջում գրել է կինոռեժիսորի կինը՝ «Россия сегодня» մեդիա խմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։
«Շնորհակալություն ձեր աղոթքների, նրան սիրելու և սիրել շարունակելու համար…»,– գրել է նա։
Տիգրան Քեոսայանի մահվան մասին Մարգարիտա Սիմոնյանը հայտնել էր երեկ։
Կինոռեժիսոր, հեռուստառադիոհաղորդավար Տիգրան Քեոսայանը 59 տարեկան էր։ Նրա առողջական վիճակի վատթարացման մասին առաջին անգամ հաղորդվել էր այս տարվա հունվարի 8-ին։ Մարգարիտա Սիմոնյանն այդ ժամանակ հայտնել էր, որ իր ամուսինը կլինիկական մահ է ապրել, որից հետո կոմայի մեջ է ընկել։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ Քեոսայանի մահվան պատճառը սուր սրտային անբավարարությունն է եղել։ Հայտնի հեռուստահաղորդավարը երկար ժամանակ տառապում էր սրտի խնդիրներից։