
Ինչո՞ւ է Իլոն Մասկը պատերազմում Netflix-ի հետ մանկական մուլտֆիլմի համար
Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Իլոն Մասկը, կոչ է արել X-ի իր հետևորդներին բոյկոտել Netflix-ը՝ կազմակերպության կողմնակալության և ԼԳԲՏ+ համայնքին վերաբերող սյուժեների խթանման պատճառով․ գրում է Euronews-ը։
Մասկը վերջին մի քանի օրվա ընթացքում բազմիցս օգտագործել է իր սոցիալական հարթակը՝ քննադատելու Netflix-ին՝ «Dead End: Paranormal Park» մուլտֆիլմի պատճառով, որտեղ Բարնի անունով մի կերպար ասում է, որ ինքը տրանսգենդեր է։
Մուլտֆիլմի ցուցադրությունը չեղարկվել է 2023 թվականին՝ երկու եթերաշրջանից հետո։
«Չեղարկե՛ք Netflix-ը հանուն ձեր երեխաների առողջության»,- X-ի գրառման մեջ գրել է Մասկը՝ միաժամանակ վերահրապարակելով մեմ, որտեղ Netflix-ը պատկերված է որպես տրոյական ձի։
Սա առաջին դեպքը չէ, որ Մասկն անդրադառնում է տրանսգենդերներին վերաբերող թեմաներին․ նա հայտնի է իր դստեր՝ Վիվիան Ուիլսոնի հետ ունեցած վեճով, երբ վերջինս հայտարարեց տրանսգենդեր լինելու մասին։