
Ռուսական լրատվամիջոցները՝ Միքայել սրբազանի ազատազրկման մասին
Ռուսական լրատվամիջոցներն անդրադարձել են Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ազատազրկմանը:
РИА Новости-ն գրում է, որ Երևանի դատարանն արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանին դատապարտեց երկու տարվա ազատազրկման՝ իշխանությունը զավթելու կոչ անելու մեղադրանքով։
Հայ առաքելական եկեղեցին արքեպիսկոպոսի մեղավորության դատավճիռն անվանել է «ամոթալի»։
Գործակալությունը հիշեցրել է, որ ՀՀ իշխանությունների և Հայ առաքելական եկեղեցու միջև հարաբերությունները կտրուկ վատթարացել են այն բանից հետո, երբ Փաշինյանը մայիսի վերջին սոցիալական ցանցում վիրավորական հաղորդագրություններ հրապարակեց Հայ առաքելական եկեղեցու մասին, այդ թվում՝ անպարկեշտ արտահայտություններ օգտագործելով։
Ավելի ուշ նա առաջարկեց փոխել Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության կարգը և պետությանը վճռորոշ դեր վերապահել այս գործընթացում։
RT-ն նշել է, որ դատարանի դահլիճում հավաքված ամբոխը դատավճռին արձագանքեց աղաղակով, ապա սկսեց գոռալ՝ «Ամոթ»։
RT-ն հիշեցրել է, որ արքեպիսկոպոսը ձերբակալվել է գործարար Սամվել Կարապետյանի կալանավորումից անմիջապես հետո։ Երկուսն էլ աջակցել են հոգևորականությանը։
ТАСС-ը գրել է, որ արքեպիսկոպոսի փաստաբան Արա Զոհրաբյանը լրագրողներին հայտնել է, որ պաշտպանությունը կբողոքարկի դատարանի որոշումը։ «Պատմական ամոթ է, որ Հայաստանը բանտարկել է արքեպիսկոպոսին», – հավելել է նա։
Նշվում է, որ Հայ եկեղեցին և բոլոր ընդդիմադիր խմբերը մեղադրանքը համարել են քաղաքական հետապնդում, քանի որ արքեպիսկոպոսը պարբերաբար քննադատել է Նիկոլ Փաշինյանի կառավարության քաղաքականությունը։
Известия-ն գրել է, որ դատավոր Արմինե Մելիքսեթյանը Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանին դատապարտել է երկու տարվա ազատազրկման: