
Մյունխենի օդանավակայանը երկրորդ օրն անընդմեջ դադարեցրել է գործունեությունը՝ անօդաչուների ակտիվության պատճառով
Մյունխենի օդանավակայանը հոկտեմբերի 3-ի երեկոյան դադարեցրել է գործունեությունը՝ անօդաչու թռչող սարքերի ակտիվության պատճառով: Գերմանիայի օդային երթևեկության կառավարման ծառայությունը ժամանակավորապես դադարեցրել է թռիչքները, հաղորդում է Deutsche Welle-ն։
Օդանավակայանի գործունեությունը դադարեցվել է տեղական ժամանակով ժամը 23:00-ի սահմաններում, երբ հյուսիսային և հարավային թռիչքուղիների մոտ նկատվել են անօդաչու թռչող սարքեր: Անօդաչու թռչող սարքերը հնարավոր չի եղել նույնականացնել, դրանք արագորեն անհետացել են։
Օդանավակայանի օպերատորի տվյալներով՝ 23 ինքնաթիռ վերաուղարկվել է այլ օդանավակայաններ, իսկ 12 թռիչք չեղարկվել է: Եվս 46 նախատեսված թռիչք հետաձգվել է: Մոտ 6500 ուղևոր չի կարողացել ժամանակին մեկնել։
Հոկտեմբերի 4-ի առավոտյան օդանավակայանը հայտարարել է, որ թռիչքներն աստիճանաբար վերսկսվում են, սակայն օրվա ընթացքում հնարավոր են ուշացումներ։
Վերջին անգամ Մյունխենի օդանավակայանն անօդաչու թռչող սարքերի ակտիվության պատճառով դադարեցրել էր գործունեությունը հոկտեմբերի 2-ի երեկոյան: Այդ ժամանակ 3000 ուղևոր չէր կարողացել ժամանակին մեկնել։