
Թրամփը երաշխավորել է արաբական երկրներին, որ Իսրայելը չի վերսկսի պատերազմը․ Financial Times
Խաղաղության առաջարկների շրջանակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անձամբ երաշխավորել է արաբական երկրներին, որ Իսրայելը պատերազմ չի սկսի։ Այս մասին գրում է Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Այս խոստումը հաստատել է մեկ այլ աղբյուր, որը ծանոթ է Սպիտակ տան ներկայացուցիչների և արաբ պաշտոնյաների միջև քննարկումներին։
Իսրայելցի պաշտոնյաները փնտրել են ռազմական գործողությունները վերսկսելու հնարավորություն, եթե ՀԱՄԱՍ-ը խախտի համաձայնագրի որևէ կետ, սակայն նրանց ասվել է դադարեցնել «խոռոչներ փնտրելը»։
Ինչպես գրում է Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրներին, Նեթանյահուն և նրա թիմը փորձել են մեղմել Թրամփի առաջարկած կարգավորման ծրագրի որոշ տարրեր։ Սակայն, ինչպես նշել է երկրորդ աղբյուրը, մեկնաբանությունները «չէին կարող փոխվել մի քանի բառից ավելի այսկողմ-այնկողմ»։
Պարբերականի տեղեկություններով՝ Իսրայելի կողմից Կատարի մայրաքաղաքում ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյաների վրա հարվածը նվաստացուցիչ էր Թրամփի համար, սակայն դա թույլ տվեց նրան ճնշում գործադրել Իսրայելի իշխանությունների վրա։
Մերձավոր Արևելքի առաջնորդների հետ կապեր պահպանող նախկին ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ Կատարի վրա հարձակումը «փաստացիորեն բացել է Գազայի հատվածում կարգավորման դուռը»։
Սեպտեմբերի 29-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրել է Գազայում կարգավորման 20 կետից բաղկացած ծրագիր։ Առաջարկը նախատեսում է անհապաղ հրադադար և 72 ժամվա ընթացքում պատանդների ազատ արձակում։ Ծրագիրը նաև ենթադրում է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը և այլ խմբավորումները պետք է համաձայնվեն չմասնակցել Գազայի հատվածի կառավարմանն՝ ուղղակիորեն կամ անուղղակիորեն։ Գազայի հատվածի վերահսկողությունը պետք է փոխանցվի տեխնոկրատական մարմիններին, որոնք վերահսկվում են անձամբ Թրամփի գլխավորած միջազգային մարմնի կողմից։
Ավելի ուշ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտությունը լուծելու և ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդներին ազատ արձակելու իր ծրագրի առաջին փուլը կավարտվի մեկ շաբաթվա ընթացքում։