06 Հոկ
2025
27° c ԵՐԵՎԱՆ
22° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արևմուտքը Ռուսաստանի հետ ռազմական բախման է պատրաստվում․ ռուս պաշտոնյաներ

Արևմուտքը Ռուսաստանի հետ ռազմական բախման է պատրաստվում․ ռուս պաշտոնյաներ

Արևմուտքը Ռուսաստանի հետ վարում է ռազմական բախման քաղաքականություն. ինչպես հայտնում է РИА Новости–ն, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։

«Սա արտահայտվում է արևմտյան երկրների կողմից Ուկրաինային տրամադրվող օգնության ավելացման, հեռահար և մահացու զենքի անընդհատ աճող քանակի մատակարարման միջոցով։ Սա նաև արտացոլվում է ՆԱՏՕ-ի արևելյան թևում ռազմաքաղաքական իրավիճակում, որտեղ զորավարժությունների թիվն աճում է։ Այս զորավարժությունները դառնում են ավելի ագրեսիվ և հարձակողական բնույթի։ Եթե հաշվի առնենք ռազմական գործունեության բնույթը և շարունակական ռազմական պլանավորումը, ապա սա ակնհայտորեն Ռուսաստանի հետ ռազմական բախման քաղաքականություն է և, ընդհանուր առմամբ, Ռուսաստանի հետ ռազմական բախման նախապատրաստություն», – ընդգծել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն, իր հերթին, հայտարարել է, որ հիմքեր չկան Եվրոպայում անօդաչու թռչող սարքերի իրավիճակի համար Ռուսաստանին մեղադրելու համար։ Նրա խոսքով՝ Կրեմլն անհիմն է համարում եվրոպացի քաղաքական գործիչների պնդումները անօդաչու թռչող սարքերի գործարկմանը Ռուսաստանի մասնակցության մասին։ Կրեմլի խոսնակը խորհուրդ է տվել եվրոպացի քաղաքական գործիչներին «ընդլայնել իրենց հորիզոններն»՝ անօդաչու թռչող սարքերի յուրաքանչյուր արձակում Ռուսաստանի հետ կապելու փոխարեն, գրում է iz.ru–ն։

Հիշեցնենք, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում Եվրոպայի օդային տարածքում անօդաչու սարքերի մասին հաղորդագրությունները կտրուկ աճել են նման միջադեպերի մասին հայտարարություններ են հնչել եվրոպական առնվազն 10 երկրներից։ Հոկտեմբերի 6-ին Օսլոյի օդանավակայանը հետաձգել է մի քանի վայրէջքն՝ օդանավակայանի մոտակայքում անօդաչու սարքերի մասին հաղորդումից հետո։

Մյունխենի օդանավակայանը հոկտեմբերի 3-ի երեկոյան դադարեցրել էր գործունեությունը՝ նույն պատճառով։ Բելգիայի արևելքում գտնվող ռազմական բազայում այդ օրը նույնպես 15 անօդաչու է նկատվել: Նման դեպքեր վերջերս արձանագրվել են նաև Դանիայում, Նորվեգիայում և Լեհաստանում, Էստոնիայում ու Ռումինիայում ևս հաղորդվել է օդային տարածքի խախտումների մասին։ 

Ռազմագերիներ