08 Հոկ
2025
30° c ԵՐԵՎԱՆ
24° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եվրոպան պետք է փոխի իր մտածելակերպը՝ Մոսկվայից եկող սպառնալիքին դիմակայելու համար․ Եվրահանձնաժողովի նախագահ

Եվրոպան պետք է փոխի իր մտածելակերպը՝ Մոսկվայից եկող սպառնալիքին դիմակայելու համար․ Եվրահանձնաժողովի նախագահ

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը զգուշացրել է, որ Ռուսաստանը մարդկանց «անհանգստացնելու» արշավ է վարում՝ անօդաչու թռչող սարքեր ուղարկելով Եվրոպայի օդային տարածք․ գրում է Politico-ն։

«Մեր երկնքում ինչ-որ նոր և վտանգավոր բան է կատարվում… Սա պատահական ոտնձգություն չէ։ Սա մեր քաղաքացիներին անհանգստացնելու, մեր վճռականությունը փորձարկելու, մեր Միությունը բաժանելու և Ուկրաինային մեր աջակցությունը թուլացնելու հետևողական և սրվող արշավ է։ Եվ ժամանակն է այն իր անունով կոչել։ Սա հիբրիդային պատերազմ է», – Ստրասբուրգում Եվրախորհրդարանում ունեցած ելույթում հայտարարել է Ֆոն դեր Լեյենը։

Վերջին մեկ ամսվա ընթացքում Եվրոպայի վրայով անօդաչու թռչող սարքերի մասին հաղորդագրությունների աճ է գրանցվել, այդ թվում՝ Լեհաստանում, Ռումինիայում, Գերմանիայում, Նորվեգիայում և Դանիայում։ Որոշները, օրինակ՝ Լեհաստանի և Ռումինիայի վրայով թռչող ռազմական անօդաչու թռչող սարքերը, նույնականացվել են որպես ռուսական, մինչդեռ մյուսների ծագումը դժվար է որոշել։

Ի պատասխան՝ Կոպենհագենն անցյալ շաբաթ ժամանակավորապես արգելել է անօդաչու թռչող սարքերի թռիչքները, մինչդեռ ՆԱՏՕ-ն մեկնարկել է «Արևելյան պահապան» ծրագիրը՝ դաշինքի օդային պաշտպանության բացերը լուծելու համար։ Միևնույն ժամանակ՝ Ֆոն դեր Լեյենն առաջարկել է «անօդաչու թռչող սարքերի պատ» կառուցել՝ Եվրոպան Ռուսաստանից պաշտպանելու համար, մի գաղափար, որը քննադատության է արժանացել իրագործելիության և արժեքի համար։

Սակայն Ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Եվրոպայի արևելյան սահմանի պաշտպանությունը բավարար չէ, և անհրաժեշտ է ավելի լայն մոտեցում։

«Ռուսաստանի հիբրիդային պատերազմի դեմ պայքարը միայն ավանդական պաշտպանության մասին չէ։ Այն անօդաչու թռչող սարքերի ծրագրային ապահովման մասին է։ Այն արագ կիբեռարձագանքման թիմերի և հանրային տեղեկատվական արշավների մասին է՝ իրազեկությունը տարածելու համար։ Սա պահանջում է նոր մտածելակերպ մեզանից բոլորից», – նշել է նա։

Ֆոն դեր Լեյենն ընդգծել է, որ Եվրոպան պետք է ամրապնդի իր պաշտպանական արդյունաբերությունը և կենտրոնանա անդամ երկրների նախաձեռնությունների վրա, ինչպիսին է Պրահայի գլխավորած զինամթերքի նախաձեռնությունը՝ Կիևին արկեր մատակարարելու համար։

Ռազմագերիներ