
Էրդողանը ողջունել է Գազայում հրադադարի հաստատումը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր երախտագիտությունն է հայտնել Միացյալ Նահանգներին, Կատարին և Եգիպտոսին՝ Գազայում հրադադարի համար։
Ինչպես գրում են թուրքական լրատվամիջոցները, Էրդողանը գոհունակություն է հայտնել ՀԱՄԱՍ խմբավորման և Իսրայելի միջև բանակցությունների արդյունքում ձեռք բերված հրադադարի համաձայնագրի կապակցությամբ, որին մասնակցել է նաև Թուրքիան։
«Ես հատուկ շնորհակալություն եմ հայտնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որը ցուցաբերեց անհրաժեշտ քաղաքական կամք՝ Իսրայելի կառավարությանը հրադադարի կոչ անելու համար, ինչպես նաև եղբայրական երկրներին՝ Կատարին և Եգիպտոսին՝ համաձայնագրի կնքման գործում իրենց նշանակալի ներդրման համար»,- ասել է նա։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը հայտարարել են երկար սպասված հրադադարի և պատանդների փոխանակման համաձայնության մասին՝ Գազայի պատերազմը դադարեցնելու Թրամփի ծրագրի առաջին փուլի շրջանակում։
«Ես մեծ հպարտությամբ հայտարարում եմ, որ Իսրայելն ու ՀԱՄԱՍ–ը ստորագրել են մեր խաղաղության ծրագրի առաջին փուլը։ Սա նշանակում է, որ բոլոր պատանդները շատ շուտով ազատ կարձակվեն, և Իսրայելն իր ուժերը դուրս կբերի համաձայնեցված գիծ՝ որպես առաջին քայլ դեպի երկարատև, կայուն և հավերժական խաղաղություն»,- գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցցանցում։