
7.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ֆիլիպինների հարավում, նախազգուշացրել են ցունամիի մասին
Ֆիլիպինների հարավում ուրբաթ 7.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկրի սեյսմոլոգիական ծառայության տեղեկացմամբ՝ մի շարք քաղաքներում հայտարարվել է ցունամիի նախազգուշացում, իսկ ափամերձ շրջանների բնակիչներին հորդորել են անհապաղ տեղափոխվել ավելի բարձր վայրեր. տեղեկացնում է Reuters-ը:
Երկրաշարժը տեղի է ունեցել Դավաո Օրիենտալ նահանգի Մանայ քաղաքի մոտ՝ Մինդանաո շրջանի ծովային տարածքում, մոտ 10 կիլոմետր խորության վրա։ Սեյսմոլոգիական ծառայությունը նախազգուշացրել է, որ հնարավոր է հետցնցումներ գրանցվեն։
Ֆիլիպինների կենտրոնական և հարավային ափամերձ բնակավայրերի բնակիչներին կոչ են արել անմիջապես հեռանալ դեպի բարձունքներ կամ տեղափոխվել ներքին շրջաններ, քանի որ հնարավոր է՝ ալիքների բարձրությունը գերազանցի մեկ մետրը սովորական մակարդակից։
Ցունամիի նախազգուշացում է տրվել նաև Ինդոնեզիայի հյուսիսային Սուլավեսի և Պապուա շրջանների համար, որտեղ սպասվում են մինչև 50 սանտիմետր բարձրությամբ ալիքներ։
ԱՄՆ ցունամիի նախազգուշացման համակարգը հայտնել է, որ վտանգավոր ալիքներ կարող են առաջանալ երկրաշարժի էպիկենտրոնից մինչև 300 կիլոմետր հեռավորությամբ ափերին։ Խաղաղօվկիանոսյան ցունամիի նախազգուշացման կենտրոնը հայտնել է, որ Ֆիլիպիններում հնարավոր են 1-3 մետր բարձրությամբ ալիքներ, իսկ Ինդոնեզիայի և Պալաոյի որոշ ափերին՝ մինչև 1 մետր։
Դավաո Օրիենտալ նահանգի նահանգապետ Էդվին Ջուբահիբը հայտարարել է, որ երկրաշարժի ժամանակ բնակիչները խուճապահար են եղել։
«Որոշ շենքեր վնասվել են։ Շատ ուժեղ ցնցում էր», – ասել է նա։
Տեղական իշխանություններին դեռ չի հաջողվել կապ հաստատել վնասված շրջանների հետ։
Այս ուժգին երկրաշարժը տեղի է ունեցել երկու շաբաթ անց, երբ Ֆիլիպիններում արձանագրվեց վերջին տասնամյակի ամենաողբերգական երկրաշարժը՝ 6.9 մագնիտուդով, որի հետևանքով Սեբու կղզում զոհվեց 72 մարդ։
Ֆիլիպինները գտնվում են Խաղաղ օվկիանոսի «Կրակի օղակում» և ամեն տարի արձանագրում են ավելի քան 800 երկրաշարժ։