
Սեբաստիան Լեկորնյուն՝ կրկին Ֆրանսիայի վարչապետ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախկին վարչապետ Սեբաստիան Լեկորնյուին վերանշանակել է նույն պաշտոնում․ գրում է Le Figaro–ն։
Հոկտեմբերի 6-ին Լեկորնյուն հրաժարական էր տվել վարչապետի պաշտոնից՝ պաշտոնավարելով ընդամենը 27 օր։
Ինքը՝ Լեկորնյուն, X սոցիալական ցանցում գրել է, որ ընդունել է նախագահի կողմից իրեն վստահված առաքելությունը՝ «պարտականության զգացումից ելնելով»։ Նա խոստացել է «անել հնարավորը՝ տարեվերջին Ֆրանսիայի բյուջեն ապահովելու և հայրենակիցների առօրյա խնդիրները լուծելու համար»։
«Մենք պետք է վերջ դնենք այս քաղաքական ճգնաժամին, որը զայրացնում է ֆրանսիացի ժողովրդին», – գրել է նա։
Լեկորնյուն պետք է ձևավորի նոր կառավարություն, ապա հաստատման ներկայացնի 2026 թվականի բյուջեն, որի նախագիծն իր նախորդի՝ Ֆրանսուա Բայրուի հրաժարականի հիմնական պատճառներից էր։