
Եթե նրանք իսկապես ուզում են, որ ես բանտ գնամ, ես դա կանեմ, բայց բարձր գլխով․ Սարկոզի
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին հինգ տարի ազատազրկման պատիժը կկրի Փարիզի Սանտեի բանտում։ Նա այնտեղ կտեղափոխվի հոկտեմբերի 21-ին։ Դատարանը որոշումը կայացրել է՝ չսպասելով Ֆրանսիայի նախկին նախագահի վերաքննիչ բողոքին։
Ավելի վաղ Փարիզի քրեական դատարանը Սարկոզիին մեղավոր էր ճանաչել Լիբիայի առաջնորդ Մուամմար Քադաֆիի տրամադրած միջոցներով նախագահական քարոզարշավն անօրինական կերպով ֆինանսավորելու դավադրության համար։
Le Figaro-ի տվյալներով՝ անվտանգության նկատառումներով՝ Սարկոզին կարող է «տեղակայվել խոցելի կալանավորների համար նախատեսված թևում կամ մենախցում, սակայն կանոնավոր ռեժիմով»։ Կալանավորումից հետո նրա փաստաբանները կարող են ազատ արձակման միջնորդություն ներկայացնել Փարիզի վերաքննիչ դատարան։
«Ես կընդունեմ իմ պատասխանատվությունը և կկատարեմ դատարանի պահանջները։ Եթե նրանք իսկապես ուզում են, որ ես բանտ գնամ, ես դա կանեմ, բայց բարձր գլխով»,- հայտարարել է Սարկոզին։
«Սարկոզին չի խուսափի բանտից»,- գրում է Le Figaro-ն։
Վերաքննիչ բողոքի լսումները տեղի կունենան 2026 թվականի մարտին, և մինչ այդ Սարկոզին պետք է մնա բանտում։
Ֆրանսիայում Սարկոզիի դատավճիռն անվանում են «պատմական»։ Նա դարձել է Ֆրանսիայի Հանրապետության առաջին նախագահը և նույնիսկ Եվրամիության պետության առաջին ղեկավարը, որը բանտարկվել է։
Սանտեի բանտը գտնվում է Փարիզի 14-րդ շրջանում՝ քաղաքի հարավում։ Այն ներկայում Ֆրանսիայի մայրաքաղաքի միակ գործող բանտն է։ Կառուցված լինելով 1867 թվականին՝ այնտեղ պահվում էին ծանր աշխատանքների կամ մահապատժի դատապարտվածները։ Այստեղ նաև մահապատիժներ էին իրականացվում. հատուկ ռելսերով բանտի առջևի հրապարակ էր տեղափոխվում գիլիոտին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բանտում պահվում էին քաղբանտարկյալներ և Դիմադրության շարժման անդամներ։
Ֆրանսիացի լրագրողները նշում են, որ Սարկոզին իրեն հարմարավետ կզգա Սանտեի բանտում։ Այն վերանորոգվել է ընդամենը հինգ տարի առաջ։ Բանտարկյալներին առաջարկվում են 10-12 քառակուսի մետր մակերեսով առանձին խցեր, որոնք հագեցած են ցնցուղներով։