25 Հուն
2026
-4° c ԵՐԵՎԱՆ
1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ-ում ադրբեջանական համայնքի ղեկավարը դատապարտվել է չորս տարվա ազատազրկման

ՌԴ-ում ադրբեջանական համայնքի ղեկավարը դատապարտվել է չորս տարվա ազատազրկման

Ռուսաստանի Դաշնության Սմոլենսկի մարզի ադրբեջանական համայնքի ղեկավար, գործարար Ֆաիկ Ալիևը դատապարտվել է չորս տարի ազատազրկման և 8,4 միլիոն ռուբլի տուգանքի՝ կաշառակերության գործով․ ТАСС-ին հայտնել են մարզային դատախազությունից:

Ավելի վաղ Սմոլենսկի մարզի դատախազ Ալեքսանդր Սպիցինը հայտնել էր, որ մարզում բացահայտվել է խոշոր կոռուպցիոն սխեմա, որի շրջանակում էլեկտրացանցերի ընկերության աշխատակիցները յոթ տարվա ընթացքում կաշառք են վերցրել խոշոր ձեռնարկատերերից հյուրանոցներում, ռեստորաններում և բնակելի շենքերում էլեկտրաէներգիայի գողությունը թաքցնելու համար: Նախնական տվյալներով՝ կաշառքի ընդհանուր գումարը գերազանցել է 6 միլիոն ռուբլին։

Դատարանը պարզել է, որ 2020 թվականի մարտից մինչև 2024 թվականի դեկտեմբերը հյուրանոցային համալիրի և առևտրի կենտրոնի սեփականատեր Ալիևը 846,000 ռուբլի կաշառք է փոխանցել «ՄՌՍԿ Կենտրոնական – Սմոլենսկեներգո» ԲԲԸ պաշտոնյային։

«Հաշվի առնելով պետական մեղադրողի կարծիքը՝ դատարանը գործարարին դատապարտել է չորս տարի ազատազրկման և 8,465,000 ռուբլի տուգանքի», – հայտնել է դատախազությունը։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում ռուս-ադրբեջանական հարաբերություններում նկատվում էր լարվածություն, որը մեղմվեց երկու երկրների նախագահների հանդիպումից հետո։

Բաքվում ձերբակալված «Sputnik Ադրբեջան»-ի գործադիր տնօրեն Իգոր Կարտավիխն օրեր առաջ ազատ է արձակվել։ Իր հերթին՝ ռուսական կողմն ազատ է արձակել Ռուսաստանում ձերբակալված Ադրբեջանի քաղաքացիներից մեկին։

Բանակցությունները հիմնականում տեղի են ունեցել նախագահի օգնականների մակարդակով։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն անմիջականորեն աշխատել է իր ադրբեջանցի գործընկեր Հիքմեթ Հաջիևի հետ, և որոշումը կայացվել է Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի՝ Դուշանբեում կայանալիք հանդիպման նախօրեին։

Ռազմագերիներ