
Երբ անհրաժեշտ է արագ շարժվել, օգտվե՛ք մեր սանդուղքներից․ Լուվրի կողոպուտի «մեղսակից» գերմանական ընկերությունը գողությունը վերածել է մարքեթինգային քայլի
Սանդուղք արտադրող գերմանական Böcker ընկերությունը պատահաբար «մեղսակից» է դարձել Լուվրի թանգարանի աղմկոտ կողոպուտին․ ընկերության արտադրած մեխանիկական աստիճաններից մեկը կարևոր դեր է խաղացել կողոպուտում․ գրում է Euronews-ը։
Գողերը Լուվրի թանգարանի մոտ էին կայանել բեռնատարը՝ իրեն ամրացված սանդուղքով, որով բարձրացել էին պատշգամբ և ներխուժել շենք՝ յոթ րոպեի ընթացքում գողանալով 88 միլիոն եվրո արժողությամբ պալատական զարդեր։
Նկատելով, որ իրենց արտադրած սանդուղքն օգտագործվել է Լուվրի թանգարանի կողոպուտի ժամանակ՝ դեպքից մեկ օր անց Böcker-ը որոշել է միջադեպին արձագանքել հումորային գրառմամբ՝ սկանդալային գողությունը վերածելով մարքեթինգային քայլի։
«Երբ անհրաժեշտ է արագ շարժվել, Böcker Agilo-ն կտեղափոխի ձեր մինչև 400 կգ քաշ ունեցող գանձերը 42 մ/ր արագությամբ՝ շշուկի պես անաղմուկ», – նշվում է ընկերության գրառման մեջ։
Գրառմանը կից Böcker-ը տեղադրել է կողոպուտի վայրից լուսանկար, որտեղ երևում է դեպի «Apollo» պատկերասրահ տանող պատշգամբ բարձրացող հայտնի սանդուղքը։
AFP-ի հետ զրույցում ընկերության տնօրեն Ալեքսանդր Բյոկերը նշել է, որ իրենք որոշել են իրավիճակին «մի փոքր հումոր» ավելացնել։
«Հանցագործությունն, իհարկե, բացարձակապես դատապարտելի է․ լիովին պարզ է։ Դա մեզ համար հնարավորություն էր օգտագործել աշխարհի ամենահայտնի և ամենաշատ այցելվող թանգարանը՝ մեր ընկերության վրա մի փոքր ուշադրություն գրավելու համար», – ասել է Բյոկերը։


