
Մարիա Զախարովայի՝ «Իտալիան ամբողջությամբ կփլուզվի» հայտարարությունից հետո ռուս դեսպանը կանչվել է Իտալիայի ԱԳՆ
Իտալիայի արտաքին գործերի նախարարություն է կանչվել այդ երկրում Ռուսաստանի դեսպանը։ Պատճառը Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարությունն է, որ Իտալիան «կփլուզվի», եթե շարունակի աջակցել Ուկրաինային․ գրում է meduza.io-ն։
Հռոմում Կոնտի աշտարակի փլուզումից հետո Զախարովան իր տելեգրամյան ալիքում գրել էր, որ Իտալիան միլիարդավոր եվրոներ է ծախսում Ուկրաինային և ուկրաինացի փախստականներին աջակցելու համար, և «քանի դեռ Իտալիայի կառավարությունն անիմաստ վատնում է իր հարկատուների փողերը, Իտալիան ամբողջությամբ կփլուզվի՝ տնտեսությունից մինչև աշտարակներ»։
Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին Զախարովայի մեկնաբանությունները որակել է «վուլգար» և «անընդունելի քաղաքակիրթ երկրում»։
«Երբ տեղի է ունենում ողբերգություն, չի կարելի շահարկել փլատակների տակ մնացած մարդկանց մասին։ Մենք երբեք դա չենք արել. երբ Ռուսաստանում տեղի էին ունենում ողբերգություններ, մենք միշտ համերաշխություն էինք հայտնում», – ասել է նախարարը։
Նախօրեին հաղորդվել էր, որ Հռոմի Կոնտի աշտարակը մասնակիորեն փլուզվել է։ Կառույցը վերանորոգման փուլում է, և միջադեպի պահին աշտարակի ներսում եղել է չորս բանվոր։ Նրանցից մեկը մնացել է փլատակների տակ։


