
Գրենլանդիայի ջրերում լողացող խրճիթը՝ Airbnb-ի ցանկում
Աշխարհի ամենանոսր բնակեցված և վայրի շրջաններից մեկում՝ Գրենլանդիայի արևելքում, կա լողացող խրճիթ, որը գրանցված է Airbnb-ում․ գրում է BBC-ն։
«Եթե ձեզ սպիտակ արջ մոտենա, սրանից ավելի անվտանգ վայր չեք կարող գտնել․ պարզապես մտեք ներս և կողպեք դուռը», – ասում է խրճիթի տերը՝ Նիկկո Սեգրետոն։
Փոքրիկ կանաչ վեցանկյուն խրճիթը կապված է ցամաքին երկու ամուր պարաններով և խարսխով: Աշխարհից մեկուսացած խրճիթի առաստաղն ապակյա է՝ նախատեսված աստղերը և հյուսիսափայլը դիտելու համար։
Խրճիթը նախատեսված է երկու անձի համար և արժե 7,347 դանիական կրոն (մոտ 1,145 դոլար) մեկ գիշերվա համար՝ ներառյալ ընթրիքը և նախաճաշը:
Մոտակայքում կա նաև սառցե քարանձավ, որը Սեգրետոն պատահաբար հայտնաբերել է 10 տարի առաջ։ Այդ ժամանակվանից ի վեր՝ նա մոտ 400 մարդու է ուղեկցել այդ վայր, և այնտեղ նախատեսում է բացել շքեղ հանգստավայր։


