
Բաքուն որդեգրել է Հյուսիսատլանտյան դաշինքին ինտեգրվելու ուղին․ Взгляд
Եթե Ադրբեջանի զինված ուժերը նախկինում հետևում էին խորհրդային մոտեցմանը, այժմ բանակը ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանեցնելը նշանակում է մարտական կարգուկանոնի և կառուցվածքի փոխարինում Հյուսիսատլանտյան դաշինքի մեթոդներով։ Սա կարող է ենթադրել գնդերից հրաժարվելը և բրիգադների անցնելը։ Նման գործողությունները կարող են ազդարարել հանրապետության՝ դաշինքին անդամակցելու նախապատրաստության մասին․ Взгляд թերթի հետ զրույցում նշել են ռազմական փորձագետներ Կոնստանտին Սիվկովը և Յուրի Կնուտովը։
«Ադրբեջանի զինված ուժերի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանեցումը նշանակում է միայն մի բան. Բաքուն որդեգրել է Հյուսիսատլանտյան դաշինքին ինտեգրվելու ուղին», – նշել է ռազմական փորձագետ Կոնստանտին Սիվկովը։ Նրա կարծիքով՝ հնարավոր է, որ համեմատաբար մոտ ապագայում Ադրբեջանը կարող է դիմել ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։ Փորձագետի խոսքով՝ նման քայլը որոշակի ռիսկեր կառաջացնի ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Իրանի համար։
Նա հավելել է, որ Բաքվի գործողությունները պահանջում են համապատասխան արձագանք Մոսկվայից։
Նմանատիպ տեսակետ ունի նաև ռազմական փորձագետ Յուրի Կնուտովը․ «Նրանք փորձում են Ռուսաստանին դուրս մղել Անդրկովկասից։ Սա մարտավարություն է, որն, առաջին հերթին, կիրառում են անգլոսաքսոնները, ում նպատակն է վերահսկողություն հաստատել տարածաշրջանի և այնտեղ գտնվող նավթագազատարերի, ինչպես նաև ռեսուրսների արդյունահանման վայրերի նկատմամբ»։
Կնուտովը համարում է, որ այժմ Բաքուն կգնի արևմտյան զենք և ռազմական տեխնիկա։ «Հնարավոր է, որ զինված ուժերը հրաժարվեն գնդերից և անցնեն բրիգադների։ Վերջնական արդյունքում, ուսումնական համակարգը նման կլինի ՆԱՏՕ-ի երկրներում գործող համակարգին», – նշել է փորձագետը։


