
ՌԴ դեսպանն Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել
Ադրբեջանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է Ադրբեջանի արտգործնախարարություն։
Նրան բողոքի նոտա է հանձնվել․ գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հանդիպման ընթացքում բողոք է հայտնվել այն փաստի կապակցությամբ, որ նոյեմբերի 14-ին՝ գիշերը ժամը 1:00-ի սահմաններում, Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի վրա հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով «Իսկանդեր» հրթիռներից մեկն ընկել է Ադրբեջանի դեսպանատան տարածքում, ինչի պատճառով էլ նոտա է հղվել։
Նշվել է, որ վերջին պայթյունի հետևանքով դեսպանատան տարածքի շուրջ ցանկապատի մի մասն ամբողջությամբ ավերվել է, վնասվել են կառույցներ, ծառայողական մեքենաներ, դեսպանատան վարչական շենքը և հյուպատոսական բաժինը, ինչպես նաև լուրջ վնաս է հասցվել դիվանագիտական ներկայացուցչության տարածքին։
Զոհեր և տուժածներ չեն գրանցվել։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտնել էր, որ Ռուսաստանի կողմից Կիևի վրա գիշերային հարձակման ժամանակ օգտագործված «Իսկանդեր» հրթիռի մնացորդներն ընկել են Ադրբեջանի դեսպանատան շենքի վրա։
«Հարձակմանը մասնակցել է մոտ 430 անօդաչու թռչող սարք և 18 հրթիռ, այդ թվում՝ բալիստիկ և աէրոբալիստիկ հրթիռներ։ Միայն Կիևում վնասվել են տասնյակ բնակելի շենքեր։ Զոհվել է չորս մարդ»,- գրել է Զելենսկին։


