27 Դեկ
2024
2.2° c ԵՐԵՎԱՆ
4.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանական բանակում ավելացել են ինքնասպանությունների դեպքերը․ բարոյահոգեբանական վիճակը ծանր է

Ադրբեջանական բանակում ավելացել են ինքնասպանությունների դեպքերը․ բարոյահոգեբանական վիճակը ծանր է

Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացնում են երկրի պետական սահմանապահ
ծառայության զորքերում հուլիսի 10-ին և 11-ին գրանցված ինքնասպանության դեպքերի մասին։

Այս իրադարձություններին զուգահեռ թե՛ Արցախի,
թե՛ ՀՀ սահմաններին շարունակվում են Ադրբեջանի` արդեն պարբերական դարձած սադրանքները`
խաղաղ բնակչության բնականոն կյանքի խաթարում, դիրքերի գնդակոծում, հրետանային միջոցների
կիրառում, ավիացիոն զորքերի աշխատանք:

Վերջին շրջանում Ադրբեջանի թե՛ Զինված ուժերում, թե՛ պետական սահմանապահ
ծառայությունում նման դեպքերի քանակը կտրուկ աճել է:

Ադրբեջանում կառուցվող ու լավագույնս ցուցադրվող
զորամասերը, որ հիմնապես գտնվում են օկուպացված տարածքներում, սեփական հասարակության
մեջ առկա լուրջ դժգոհությունները մեղմելու միջոցներից են. «Տեսե՛ք` ինչ պայմաններում
են ծառայում մեր զինվորները սահմանին»: Այնինչ, իրականությունը լիովին այլ է. ինչպես
հեռավոր կամ սահմանամերձ գյուղերում, այնպես էլ զորամասերում ու դրանց հենակետերում,
մարտական դիրքերում, մասնավորապես` նոր կառուցված, հաճախ բացակայում են տարրական պայմանները։
Ինքնասպանության վերջին դեպքերը գրանցվել են հիմնականում նոր կառուցված զորամասերի
ենթակայության ներքո գտնվող ստորաբաժանումներում, որոնք տեղակայված են ՀՀ և Արցախի
հետ շփման գծի հարակից տարածքներում: Այս պարագայում մի դեպքը գրանցվել է Նախիջևանի
Ինքնավար Հանրապետությանում. ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ` հարուցված քրեական
գործն ուղարկվել է Նախիջևանի դատախազություն:

Ընդգծենք, որ սա ազդակ է, որը վկայում է զինծառայողների, հատկապես`
ժամկետայինների ու պայմանագրայինների շրջանում բարոյահոգեբանական ծանր վիճակի մասին:

Ադրբեջանական անվտանգային ոլորտի բաղկացուցիչ հիմնական երեք տարրերում`
բանակ, ՊՍԾ և ներքին զորքեր, որոնց ենթակայության ներքո գտնվող ստորաբաժանումներում
ծառայում են ժամկետային զինծառայողներ, անձնակազմի պատրաստվածությունը, առնվազն բարոյահոգեբանական
առումով, երբեք էլ չի փայլել. իրավիճակը փոքր-ինչ փոփոխության ենթարկվեց 2020 թվականի
պատերազմի արդյունքում, սակայն 2021 թվականի սեպտեմբերյան բախումներից հետո ուժային
կառույցներում կրկին նկատվում է անփութություն, անհանգստության, կարգապահության ցածր
մակարդակ։

Ասվածի վառ ապացույցն են նաև դադար չունեցող
ձերբակալություններն ու պաշտոնանկությունները՝ բարձրաստիճան զինվորականների շրջանում:

Խոսենք շարունակական սադրանքների, անսպառ ապատեղեկատվությունների
ու ադրբեջանական կողմում վիրավորների մասին լուրերի, ինչպես նաև Ադրբեջանի վարչական
շրջաններում, մասնավորապես` Բաքվից հեռու գտնվող գյուղերում, առկա սոցիալական անբարենպաստ
իրադրության մասին:

Այժմ, ժամանակ առ ժամանակ հասարակությունը
փորձում է կամք դրսևորել. դժգոհությունները գնալով շատանում են։ Ուստի ազգաբնակչությանը
սաստելու, ճնշելու ամենաարդյունավետ գործիքը, որ հակառակորդ պետության ահաբեկչական
վարչակարգն օգտագործում է արդեն տասնամյակից ավելի, հայերի` հերթական հարձակման պատրաստվելու
մասին լուրեր տարածելն է, վիրավորների ու զոհերի մասին պետական աջակցությամբ հուզառատ
նյութեր պատրաստելը:

Հատուկ հայտարարվում է պետական միջոցների մեծ
մասը ռազմական ոլորտին տրամադրելու մասին, ամենաբարձր մակարդակով հայտարարվում է, որ
մի օր պիտի վերադառնան «Արևմտյան Ադրբեջան», գրավեն ամբողջ «Ղարաբաղը». այս թեզերն
արդեն իսկ դարձել են պետական քաղաքականության հիմնական ուղենիշ: Այս ամենի համատեքստում
պետք է անդրադառնալ նաև այն փաստին, որ վերջին մեկ տարվա ընթացքում Թուրքիայի հետ`
զորքերի մարտական պատրաստականության ուղղությամբ ու Իսրայելի հետ` սպառազինության ուղղությամբ
համագործակցության ծավալներն առնվազն կրկնապատկվել են:

Ցավոք, ալիևյան կլանը, թեկուզ և որոշ դեպքերում անհաջողություն
կրելով, պատրաստ է ցանկացած սադրանքի կազմակերպման` դեռ փոքրամասշտաբ, հանուն սեփական
ազգաբնակչությանը առհավետ ճիրանների մեջ պահելու ու իր և իր գաղափարակիցների` ամեն
օր գոնե մեկ հայ ընտանիքի ցավ պատճառելու գաղափարի. այդ սկզբունքին անդավաճան են:

Արամ Փոլադյան
ադրբեջանագետ