
Մարդիկ զանգվածաբար լքում են իրենց տները․ նոր տեղեկություններ Հալեպից
Հալեպում իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Սիրիայի դեմոկրատական ուժերի (ՍԴՈՒ) և Սիրիական բանակի միջև բախումները հատկապես սրվել են քրդաբնակ թաղամասերում։ ABC Media-ի հետ հեռախոսազրույցում Հալեպի հայ համայնքի խոսնակ Ժիրայր Ռեիսյանը հայտնել է, որ բախումները երեկ հատկապես ինտենսիվ են եղել:
«Երեկ զարգացումները բավական սաստկացան։ Թաղամասերը գրեթե ամայացան, մարդիկ զանգվածաբար լքում են իրենց տները»,- ասել է Ռեիսյանը։
Նրա փոխանցմամբ՝ գիշերվա ընթացքում իրավիճակի ամբողջական պատկերը դժվար է գնահատել, սակայն առավոտյան բախումները շարունակվել են՝ թեև արդեն ավելի ցածր ինտենսիվությամբ։
«Պահանջ կա, որ բնակիչները դուրս գան տներից, քանի որ այդ թաղամասերը դիտարկվում են որպես ռազմական գոտի։ Սա արվում է, ըստ հայտարարությունների, նոր բախումների ընթացքում հնարավոր զոհերից խուսափելու համար»,- ասել է համայնքի խոսնակը։
Խոսելով հայկական համայնքի անվտանգության մասին՝ Ժիրայր Ռեիսյանը նշել է, որ քրդաբնակ թաղամասերին մոտ են գտնվում նաև հայաբնակ շրջանները, մասնավորապես՝ Նոր գյուղը, որտեղ գործում են հայկական դպրոց, եկեղեցի և այլ համայնքային կառույցներ։
«Բնականաբար զգուշավոր ենք։ Փառք Աստծո, այս պահի դրությամբ հայ համայնքում զոհեր կամ լուրջ վնասներ չեն արձանագրվել»,- ընդգծել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հալեպի բնակիչները հյուսիսարևմտյան թաղամասերից տեղափոխվում են կառավարության վերահսկողության տակ գտնվող հատվածներ։


