
Մեծ Բրիտանիայի քաղաքացիները կկարողանան առանց վիզայի մեկնել Չինաստան
Մեծ Բրիտանիայի քաղաքացիները կկարողանան առանց վիզայի մեկնել Չինաստան մինչև 30 օր ժամանակով։ BBC-ի հաղորդմամբ՝ այս մասին Պեկին կատարած այցի ժամանակ հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։
Նա նշել է նաև, որ բրիտանական բիզնես ընկերությունները «փնտրում են Չինաստանում իրենց ներկայությունը մեծացնելու եղանակներ»։
Միևնույն ժամանակ, Մեծ Բրիտանիայում գտնվող դեղագործական հսկա AstraZeneca ընկերությունը հայտարարել է Չինաստանում 15 միլիարդ դոլարի ներդրում կատարելու մասին։
Ավելի վաղ Պեկինում Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հետ բանակցություններից հետո Սթարմերը հայտարարել էր, որ երկու երկրների միջև հարաբերությունները գտնվում են «լավ, ամուր վիճակում»։
Սի Ծինփինն, իր հերթին, նշել է, որ Չինաստան-Մեծ Բրիտանիա հարաբերություններում եղել են «անկումներ», սակայն ներգրավվածությունն այժմ «անխուսափելի է»։


