
ՀՀ-ում, վստահ ենք, հասկանում են՝ ինչ է թաքնված Բրյուսելի և Վաշինգտոնի «բարի մտադրությունների» հետևում․ Լավրով
Կարծում ենք, որ Հայաստանի ղեկավարության՝ արտաքին կապերը դիվերսիֆակցնելու քաղաքականությունը չի ենթադրում գործակցության կրճատում ավանդական դաշնակիցների հետ, կամ վերակողմնորոշում դեպի այն միավորումները, որ ցանկանում են Ռուսաստանին հասցնել «ռազմավարական պարտության»․ այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նախարարության 2025 թ-ի գործունեության ամփոփիչ ասուլիսի ժամանակ։
Լրատվամիջոցներից մեկն, օրինակ, ՌԴ ԱԳՆ ղեկավարին հարցրել է, թե Ռուսաստանն ԱՄՆ-ի քմահաճույքի՞ն է թողնում ավանդական դաշնակիցներին՝ Հայաստանին, Սիրիային, Վենեսուելային, Իրանին։
Ի պատասխան՝ Սերգեյ Լավրովն ասել է, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները հիմնված են պայմանագրային-իրավական ամուր բազայի վրա, ինչն էլ ընդգծում է այդ հարաբերությունների դաշնակցային բնույթը։
«Մեր ժողովուրդներին միավորում են դարավոր բարեկամությունը, ընդհանուր պատմությունը, քաղաքակրթական և աշխարհայացքային ընդհանուր մոտեցումները։
Մենք արդյունավետ գործակցում ենք Եվրասիական տնտեսական տարածքում․ Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ անդամ՝ բոլոր իրավունքներով և պարտականություններով, և մենք ողջունում ենք ու կողմ ենք, որ Երևանը լիարժեքորեն մասնակցի կազմակերպության աշխատանքներին։
Հայաստանի արտաքին առևտրի շուրջ 35 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին։ Ռուսական բիզնեսը Հայաստանի սոցիալ-տնտեսական բարեկեցության կարևոր բաղադրիչներից է, ու դեռ կան գործակցության ընդլայնման հնարավորություններ։ Համատեղ իրականացվում են կրթական և մշակութային բազամաթիվ նախաձեռնություններ։ Բացի այդ՝ ռուսական ռազմական բազան ու սահմանապահները ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ Հարավային Կովկասի անվտանգության առանցքային մասն են»,- նշել է նա։
Ըստ ՌԴ արտգործնախարարի՝ Հարավային Կովկասի երկրներում, այդ թվում Հայաստանում, գիտակցում են, որ Բրյուսելի և Վաշինգտոնի «բարի մտադրությունների» հետևում իրականում սառը հաշվարկ է։
«Նրանց համար այս տարածաշրջանը, որի հետ Ռուսաստանը կապված է պատմականորեն և անքակտելիորեն, ոչ այլ ինչ է, քան հարմար «մարտական գոտի», ինչի վրա ճնշում գործադրելով՝ կարելի է փորձել վնաս հասցնել Ռուսաստանին»,- ընդգծել է ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը։


