
Վենսը չպետք է այցելի Ադրբեջան՝ հայերի նկատմամբ կայացված անհեթեթ դատավճիռներից հետո․ Մայքլ Ռուբին
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը հրամայեց իր ուժերին էթնիկ զտում իրականացնել Լեռնային Ղարաբաղում մնացած բնիկ հայ բնակչության շրջանում՝ չնայած մի քանի օր առաջ դա չանելու վերաբերյալ խոստումներին: Ավելի քան 200 հայ է զոհվել, երբ ադրբեջանական զորքերը 120․000 էթնիկ հայի վտարում էին իրենց հողերից, քանդում գերեզմանները և վանդալիզմի ենթարկում կամ ոչնչացնում եկեղեցիներն ու վանքերը․ գրում է Ամերիկյան ձեռնարկատիրության ինստիտուտի (American Enterprise Institute) ավագ վերլուծաբան Մայքլ Ռուբինը Middle East Forum-ում հրապարակված հոդվածում։
Հեղինակի խոսքով՝ Ալիևի կոռուպցիան երկիրն աղքատացրել է: Մինչդեռ վերլուծական կենտրոններում կամ լրատվամիջոցներում դժվար թե գտնվի Ալիևի և Ադրբեջանի պաշտպան, որն ինչ-որ կերպ չի սնվել Ադրբեջանի «խավիարային դիվանագիտության», նրա շոուների, ուռճացված հոնորարների և կողմնակի առևտրային գործարքների ծծակից։
Ադրբեջանի տարածքում ժողովրդավարություն ունենալը չափազանց մեծ սպառնալիք էր Ալիևի համար։ Հետևաբար՝ Արցախը գրավելուց հետո ադրբեջանական զորքերը ձերբակալեցին նրա ընտրված ղեկավարներին տարբեր մեղադրանքներով, այդ թվում՝ խաղաղության և մարդկության դեմ հանցագործությունների, պատերազմական հանցագործությունների, ագրեսիվ պատերազմի նախապատրաստման և անցկացման, ցեղասպանության, պատերազմի օրենքների և սովորույթների խախտման, ահաբեկչության և իշխանության բռնի զավթման։
Մեղադրանքներն անհեթեթ էին, իսկ դատավարությունները՝ է՛լ ավելի անհեթեթ։ Թարգմանիչները դիտավորյալ սխալ էին թարգմանում պատասխանները։ Ադրբեջանն արգելել է միջազգային դիտորդների գործունեությունը և մեղադրյալներին պարտադրել ադրբեջանցի փաստաբաններ։
2026 թվականի փետրվարի 5-ին Բաքվի ռազմական դատարանը մեղադրյալներից շատերին դատապարտեց ցմահ ազատազրկման։ Միլիարդատեր բարերար Ռուբեն Վարդանյանը, որը թողել էր իր հարմարավետ կյանքը՝ Արցախում պետական նախարար ծառայելու համար, հավանաբար կդատապարտվի առաջիկա օրերին։
Փորձագետն ընդգծել է՝ Ադրբեջանում ոչինչ պատահական չի լինում, և դատական համակարգը որևէ կերպ անկախ չէ Ալիևից։ Հետևաբար, Սպիտակ տունը և ավելի լայն միջազգային հանրությունը պետք է հիմա քննարկեն դատարանի գործողության պատճառները: Մինչ նախագահ Դոնալդ Թրամփը հպարտանում է ադրբեջանա-հայկական խաղաղության գործընթացով, այդ գործընթացի դինամիկան միշտ հարցեր է առաջացրել Ալիևի անկեղծության վերաբերյալ: Բանակցությունների ընթացքում (որոնք սկսվել են Բայդենի վարչակազմի օրոք) Ալիևը ներկայացնում էր նվաստացուցիչ և ծայրահեղ պահանջներ։ Ալիևի գործողությունները տեղի են ունենում այն ժամանակ, երբ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը պատրաստվում է այցելել և՛ Հայաստան, և՛ Ադրբեջան: Բաքու այցելելն այս ամենից հետո կնշանակի ԱՄՆ-ի հավանությունը: Խաղասեղանին է ոչ միայն Թրամփի ցանկությունը՝ ամրապնդելու խաղաղությունը Հարավային Կովկասում, այլև Թրամփի և Վենսի՝ պաշարված քրիստոնյա համայնքները պաշտպանելու պարտավորությունը:
Վենսը պետք է շարունակի իր ուղին դեպի Երևան, մինչդեռ նրա ազգային անվտանգության խորհրդական Էնդի Բեյքերը, ում նվիրվածությունը հայ քրիստոնյաներին անկեղծ է, Ալիևին և նրա մերձավոր շրջապատին հստակեցնում է, որ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների՝ հիմա կամ ապագայում Ադրբեջան այցելելու միակ ճանապարհը բոլոր հայ պատանդներին, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանին տուն բերելն է։


