
«Արցախ»-ի փոխարեն՝ «Երաժշտությունը՝ Արա Գևորգյանի»․ օլիմպիական խաղերում Հայաստանի և Ադրբեջանի միջև վեճը լուծվել է․ The Guardian
Ձմեռային օլիմպիական խաղերում երաժշտության շուրջ Ադրբեջանի և Հայաստանի օլիմպիական պատվիրակությունների միջև քաղաքականապես լարված վեճը լուծվել է, երբ Չմշկասահքի և ՄՕԿ-ի ղեկավարները վերանայել են հարցը, և պաշտոնական ծրագրի ցանկը փոփոխվել է․ գրում է The Guardian-ը։
Չմշկասահքի միջազգային միության (ISU) հայտարարության մեջ նշվել է, որ հարցը քննարկվել է համապատասխան շահագրգիռ կողմերի հետ։
«Իրավիճակը վերանայվել է բոլոր ներգրավված կողմերի հետ։ Օգտագործվելիք երաժշտությունների պաշտոնական անվանումները ներկայացված են ՉՄՄ կայքում»,- ասվում է հայտարարության մեջ։
Փոփոխությունը տեղի է ունեցել Ադրբեջանի օլիմպիական կոմիտեի բողոքից հետո, որը մտահոգություն էր հայտնել ՄՕԿ-ին ՀՀ-ն ներկայացնող Կարինա Ակոպովայի և Նիկիտա Ռախմանինի՝ Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործությունն իրենց ծրագրում ընդգրկելու վերաբերյալ։
Կոմիտեն հայտարարության մեջ նշել էր, թե երգի օգտագործումը «քաղաքական ուղերձներ է պարունակում» և կհանգեցնի Օլիմպիական խարտիայի սկզբունքների խախտմանը, որոնք պահանջում են քաղաքական չեզոքություն խաղերում։
Համաձայն ISU-ի հրապարակած 2025-2026 մրցաշրջանի երաժշտական գրանցամատյանի՝ կայքում զույգերի չմշկասահքի կարճ ծրագրի ցուցակում այժմ երաժշտությունը նշված է որպես «Երաժշտությունը՝ Արա Գևորգյանի», այլ ոչ թե ստեղծագործության անվանումը՝ «Արցախ»։
Օլիմպիական ծրագրերում հետագա փոփոխությունները մրցումների համար կարող են զգալի հետևանքներ ունենալ։ Մարզիչներն ու մարզիկները նշում են, որ երաժշտություն փոխելը կարող է ստիպել չմշկասահորդներին վերանայել ամիսներով մշակված խորեոգրաֆիան այն մարզաձևում, որտեղ երաժշտական ժամանակաչափը և մկանային հիշողությունն անբաժանելի են։


