
ԱՄՆ-ում «ոսկեդար» է, իսկ Իրանը՝ «ահաբեկչության ամենամեծ հովանավորը»․ «Երկրի վիճակի մասին» Թրամփի ամենամյա ելույթը՝ կետերով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի հանդես է եկել ԱՄՆ պատմության մեջ Կոնգրեսին ուղղված ամենամյա «Երկրի վիճակի մասին» ամենաերկար ուղերձով․ գրում է Reuters գործակալությունը։
Ելույթը հնչել է Թրամփի համար լարված ժամանակ, քանի որ հարցումները ցույց են տալիս, որ ամերիկացիների մեծամասնությունը դժգոհ է նրա գործունեությունից․ Իրանի շուրջ լարվածությունն աճում է, իսկ նրա մաքսային քաղաքականությունը փլուզվում է այն բանից հետո, երբ ԱՄՆ Գերագույն դատարանը չեղարկեց նրա սահմանած ներմուծման հարկերի մեծ մասը։
Թրամփի ելույթը ներկայացնում ենք կետերով․
- ԱՄՆ նախագահը բարձր է գնահատել իր նվաճած տնտեսական ցուցանիշները և հայտարարել է «Ամերիկայի ոսկեդարի» մասին։ Թրամփի խոսքով՝ նա դանդաղեցրել է գնաճը, ֆոնդային շուկան հասցրել ռեկորդային բարձունքների, իրականացրել է հարկերի լայնածավալ կրճատումներ և իջեցրել է դեղերի գները։
- ԱՄՆ նախագահը կրկին նշել է, որ ինքն «ավարտել» է 8 պատերազմ։
- Նա նաև համառոտ ներկայացրել է իր դիրքորոշումն Իրանի վրա հնարավոր հարձակման վերաբերյալ՝ ասելով, որ թույլ չի տա աշխարհում «ահաբեկչության ամենամեծ հովանավորը» միջուկային զենք ունենա։
- Ներգաղթի վերաբերյալ Թրամփը նշել է, որ անօրինական միգրանտները պատասխանատու են դաժան հանցագործությունների ալիքի համար, չնայած ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դա այդպես չէ։
- Մինչ Թրամփը բարձր է գնահատել ներգաղթի վերաբերյալ իր ջանքերը, նրա ելույթի ժամանակ դեմոկրատ կոնգրեսական Իլհան Օմարը բղավել է. «Դուք սպանել եք ամերիկացիների»։


