
Ինչպիսի՞ն է Իրանում մարդկանց կյանքն ու առօրյան այս օրերին․ ABC Media-ին բացառիկ մանրամասներ են հայտնել
Թեհրանում և այլ քաղաքներում մարդիկ շարունակում են ապրել բնականոն կյանքով․ ABC Media-ի հետ զրույցում ասել է միջազգայնագետ, Կովկասի հարցերով փորձագետ Էհսան Մովահիդիան։
«էլեկտրաէներգիան, ջրի, գազի մատակարարումը և հասարակական տրանսպորտի ծառայությունները հասանելի են առանց որևէ խնդրի։ Երբեմն քաղաքային ենթակառուցվածքների և քաղաքացիական տարածքների վրա ԱՄՆ-ի և Իսրայելի դաժան հարձակումների պատճառով՝ էլեկտրաէներգիան անջատվում է մինչև կես ժամ։ Սակայն այս առումով լուրջ խնդիր չկա։ Բանկերը, խանութները և հիվանդանոցները շարունակում են աշխատանքը»,- նշել է նա։
Միջազգայնագետը փոխանցել է նաև, որ ինտերնետային ներքին ցանցը հասանելի է, սակայն միջազգային ցանցին հասանելիությունը սահմանափակ է։
«Թշնամու դաժանության պատճառով մարդիկ շատ միասնական և կարեկցող են դարձել։ Նույնիսկ նրանք, ովքեր բողոքում էին բարձր գների և գնաճի դեմ, այժմ աջակցում են Իսլամական Հանրապետությանը, քանի որ հասկանում են՝ Իսրայելի և Միացյալ Նահանգների նպատակն Իրանը ոչնչացնելն ու մասնատելն է։
Մինչդեռ Իրանում միմյանց նկատմամբ կարեկցանքն ու միասնությունն, ինչպես նաև երկրի նկատմամբ հանրային աջակցությունը մեծացել են, Իրանի դեմ Թրամփի և Նեթանյահուի սանձազերծած կույր պատերազմի նկատմամբ դիմադրությունը մեծանում է թե՛ Միացյալ Նահանգներում, թե՛ աշխարհում։ Պարսից ծոցի երկրներում Իսրայելի և Միացյալ Նահանգների հրթիռային պաշտպանության պաշարների կրճատումով Իրանը կարողանում է հեշտությամբ թիրախավորել նրանց, իսկ Իսրայելը չի կարողանում դիմադրել Իրանին։ Բորսաները և էներգետիկ շուկաները փլուզվում են։ Նավթն ու գազը թանկացել են, Իրանը գործնականում փակել է Հորմուզի նեղուցը, իսկ զայրացած թշնամին վրեժ է լուծում մեզնից՝ ռմբակոծելով քաղաքացիական և բնակելի թաղամասերը։ Բայց հաղթանակը մերն է․ Իրանը 7000-ամյա քաղաքակրթություն է և երբեք չի հանձնվի արտաքին թշնամուն»,- ավելացրել է մեր զրուցակիցը։


