
Մերցն Օրբանին սպառնացել է հետևանքներով՝ Ուկրաինային ֆինանսավորելուց հրաժարվելու համար
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի կողմից Ուկրաինային ԵՄ «ռազմական վարկի» տրամադրման հարցում վետոն անվանել է «կոպիտ անհավատարմության դրսևորում» և սպառնացել է հետևանքներով․ հայտնում է DPA լրատվական գործակալությունը։
«Սա խոր հետք կթողնի», – նշել է նա լրագրողներին ԵՄ գագաթնաժողովից հետո։
«Մենք միասնական ենք մեր կարծիքում, որ պարզապես չենք ընդունի այսօր Եվրոպական խորհրդում տեղի ունեցածը», – զգուշացրել է Մերցը։
Նա պնդել է, որ ԵՄ շատ առաջնորդներ «խորապես վրդովված են» Բուդապեշտի դիրքորոշումից։
ԵՄ առաջնորդները հանձնարարել են Եվրոպական հանձնաժողովին գտնել միջոցներ տրամադրելու այլ եղանակներ՝ չնայած Հունգարիայի և Սլովակիայի դիրքորոշմանը։
DPA-ն, հղում անելով դիվանագետներին, հաղորդել է, որ գագաթնաժողովն ավարտվել է ուշ երեկոյան՝ առանց վարկի շուրջ վեճի լուծման։
Մերցը և այլ եվրոպացի առաջնորդներ քննադատել են Օրբանին փակ դռների հետևում Ուկրաինայի նկատմամբ նրա դիրքորոշման համար, սակայն նրանց կողմից «զգալի ճնշումը» չի կարողացել փոխել Կիևի համար միջոցներն արգելափակելու նրա որոշումը։
Բրյուսելի գագաթնաժողով մեկնելուց առաջ Հունգարիայի վարչապետը զգուշացրել էր, որ չի հաստատի Կիևի օգտին ԵՄ որևէ որոշում, քանի դեռ այն չի վերսկսել ռուսական նավթի տարանցումը «Դրուժբա» խողովակաշարով, որը հունվարի 27-ից չի գործում։


