24 Մար
2026
14° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Տեսածս ողբերգական էր․ կորեացի ճանապարհորդը՝ Արցախ այցի մասին

Տեսածս ողբերգական էր․ կորեացի ճանապարհորդը՝ Արցախ այցի մասին

Կորեացի բլոգեր Յան Մինն աշխարհի 129 երկիր է այցելել, վերջերս էլ եղել է օկուպացված Արցախում։ Ասում է՝ այդ ճանապարհորդությունը ֆիզիկապես, հոգեբանորեն և էմոցիոնալ առումով շատ ծանր է եղել։ Ընդհանուր առմամբ ուղևորությունը տևել է շուրջ 48 ժամ, որի ընթացքում նա գրեթե չի քնել։

Յան Մինը դեռ դպրոցից էր լսել Լեռնային Ղարաբաղի մասին, սակայն 2020 թվականի պատերազմից հետո սկսել է ավելի խորությամբ ուսումնասիրել տարածաշրջանի պատմությունը։

«Սա մի տարածք է, որտեղ խաչվում են տարբեր մշակույթներ»,- ABC media-ի հետ զրույցում ասել է կորեացի բլոգեր Յան Մինը՝ ընդգծելով, որ դժվար էր լինել օբյեկտիվ՝ տեսնելով այն ավերածությունն ու ողբերգությունը՝ օկուպացված Արցախում։

Յան Մինն Արցախ այցելել է այն ժամանակահատվածում, երբ Ադրբեջանի կառավարությունը օտարերկրացիների համար բացել էր մուտքի թույլտվությունը, և Յանը որոշել է օգտվել այդ հնարավորությունից։ Սակայն, երբ մտել է Արցախ, նրա առաջ բացվել է ողբերգական պատկեր։ Հին, լքված շենքեր, վնասված տներ, որոնք հաճախ դատարկ էին։ Ստեփանակերտում ավերածությունների մասշտաբը շատ ավելի մեծ էր․ քաղաքը լի էր լքված տներով ու շենքերով։

Միևնույն ժամանակ Ակնան՝ Աղդամը լի էր նոր շենքերով ու բնակարաններով, ինչը, ըստ նրա, արտացոլում էր Ադրբեջանի կառավարության «Մեծ վերադարձ» ծրագիրը։

«Սա այն է, ինչ կառավարությունը փորձում է ցույց տալ աշխարհին, և դա իսկապես տպավորիչ էր»,- ասում է նա։

Յան Մինը հավելում է, որ ադրբեջանցիների հետ չի շփվել, քանի որ ժամանակը սահմանափակ էր, և, նրա խոսքով, շրջայցի կազմակերպողները չէին ցանկանում նման շփումներ։ Միակ մարդիկ, որոնց հետ խոսել է, եղել են մատուցողները։ Նրա խոսքով՝ ուղևորությունը բավականին նպատակային էր կազմակերպված․ այցելած վայրերն ու կանգառները հիմնականում ներկայացնում էին ադրբեջանական, պարսկական և մուսուլմանական պատմությունը, իսկ հայկական մշակույթի մասին տեղեկություն գրեթե չէր ներկայացվում։

«Ուղևորության պայմանները բավականին դաժան էին։ Նախ՝ միկրոավտոբուսը շատ ավելի փոքր էր, քան կարծում էինք։ Մինչև Արցախ ճանապարհը տևեց մոտ 6-6․5 ժամ, և միայն այդ ժամանակ կարողացանք իջնել միկրոավտոբուսից։ Աղդամից Ստեփանակերտ ճանապարհը տևեց շուրջ 1․5 ժամ։ Ճանապարհներն ասֆալտապատ չէին, ուստի ճանապարհը շատ դժվար էր՝ փոշի, շարժիչի ծուխ․ ամբողջ ճանապարհին շատ վատ էի զգում։

Հարցեր տվեցինք, սակայն հայկական մշակույթի մասին հարցերը, կարծես, շրջանցվում էին, և մեզ հիմնականում ներկայացվում էր ադրբեջանական, մուսուլմանական ու պարսկական տեղեկատվություն»,- ABC media-ին պատմել է Յան Մինը։

Բլոգերի խոսքով՝ իր նպատակը եղել է հայերին ու ամբողջ աշխարհին պատերազմի հետևանքներն ու ավերածությունները ցույց տալը։

«Հուսով եմ, որ Հայաստանը կկարողանա օգտագործել սա որպես ուժ՝ առաջ շարժվելու, զարգանալու և բարգավաճելու համար»,- ասում է նա։

Յան Մինը նաև ընդգծում է, որ սա միայն հայերի մասին չէ, այլ նաև պատերազմից տուժած ցանկացած երկրի մասին։ «Ատելության ու բռնության շրջանը պետք է ավարտվի»,- նշում է նա։

Բլոգերն աշխատում է ՏՏ ոլորտում, սակայն ճանապարհորդությունը նրա կյանքի կարևոր մասն է։ Նրա խոսքով՝ յուրաքանչյուր ճանապարհորդություն հնարավորություն է տալիս տեսնել պատմական և մշակութային իրականությունը և այն ներկայացնել աշխարհին։

Յան Մինը հույս ունի, որ իր տեսանյութերը կօգնեն մարդկանց հասկանալ անցյալի ազդեցությունը և միաժամանակ կհիշեցնեն՝ պետք է նայել առաջ, զարգացնել երկրները և ստեղծել ավելի անվտանգ ու լուսավոր ապագա, որպեսզի նման ողբերգություններ այլևս չկրկնվեն։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026