10 Ապր
2026
12° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եվրոպացիների մեծ մասը ցանկանում է, որ անչափահասների մուտքը սոցցանցեր արգելվի

Եվրոպացիների մեծ մասը ցանկանում է, որ անչափահասների մուտքը սոցցանցեր արգելվի

POLITICO European Pulse-ի կողմից ԵՄ 6 խոշոր երկրներում անցկացված նոր հարցումը ցույց է տվել, որ եվրոպացի քաղաքացիների 4-ից 3-ը կարծում է, որ կառավարությունները պետք է սահմանեն սոցիալական ցանցերի համար նվազագույն տարիք։

Հարցվածների կեսը նշել է, որ նվազագույն տարիքը պետք է լինի 16 տարեկանը, մինչդեռ 4-ից մեկը նշել է, որ տարիքը պետք է լինի 13-15։

Միայն 4 տոկոսն է նշել, որ սոցիալական ցանցերի օգտագործման համար տարիքային սահմանափակումներ չպետք է լինեն, մինչդեռ 22 տոկոսը նշել է, որ սահմանափակումները պետք է թողնվեն ծնողների հայեցողությանը։

Հարցումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ եվրոպական կառավարությունները շարունակում են միջոցներ ձեռնարկել երեխաների մուտքը սոցցանցեր կանխելու համար։ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նման արգելքի կողմնակիցներ են։

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն այս շաբաթ հայտարարել է 15 տարեկանից փոքր անձանց համար սոցցանցերի արգելքի մասին, որն ուժի մեջ կմտնի 2027 թվականի հունվարից։

Եվրոպական հանձնաժողովը ևս քննարկում է սոցցանցերի համար տարիքային սահմանափակման կանոն սահմանելու հարցը։

Սակայն նման արգելքի քննադատները պնդում են, որ դրանք անարդյունավետ են երեխաներին առցանց վնասներից պաշտպանելու հարցում և իրականում խախտում են երեխաների իրավունքները:

Նման միջոցառումները «վտանգավոր են և սոցիալապես անընդունելի»․ մարտի սկզբին բաց նամակում գրել էին անվտանգության և գաղտնիության 371 փորձագետներ։

Իտալիայում և Լեհաստանում հարցվածներն ամենաշատն են կողմ սահմանափակումներին (համապատասխանաբար՝ 84 և 83 տոկոս), որին հաջորդում է Բելգիան (76 տոկոս): Գերմանիայում և Իսպանիայում հարցվածների 70 տոկոսը համաձայն է սահմանափակումներին։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026