Կոյուղու փորման ընթացքում հայտնաբերվել է Հերմես աստծո արձանը
Բուլղարացի հնագետները հին հռոմեական կոյուղու փորման աշխատանքների ժամանակ հայտնաբերել են հունական Հերմես աստծու մարմարե արձանը:
Երկու մետր բարձրությամբ արձանը հայտաբերվել է Բուլղարիայի հարավ-արևմուտքում՝ Հունաստանի սահմանին մոտ գտնվող Հերակլեա Սինտիկա հնագույն քաղաքի տարածքում, պեղումների ժամանակ։
Հնագետներն ասում են, որ երկրաշարժից հետո, որն ավերել է քաղաքը մոտավորապես մ.թ. 388 թվականին, արձանը խնամքով տեղադրել են կոյուղու մեջ և ծածկել հողով, ինչն էլ բացատրում է նրա լավ պահպանված վիճակը։
«Գլուխը շատ լավ վիճակում է։ Ձեռքերի վրա կան որոշ կոտրվածքներ»,- ասել է հնագետների թիմը ղեկավարող Լյուդմիլ Վագալինսկին՝ հավելելով, որ արձանը հին հունական բնօրինակի հռոմեական պատճենն է։
Հերակլեա Սինտիկայի բնակիչները, հավանաբար, փորձել են պահպանել արձանը, նույնիսկ քրիստոնեությունը Հռոմեական կայսրությունում որպես պաշտոնական կրոն ընդունելուց հետո։
«Հեթանոսական ամեն բան արգելված էր։ Նրանք նոր գաղափարախոսություն էին ընդունել, բայց, ըստ երևույթին, հոգ էին տանում իրենց հին աստվածությունների մասին»,- ասել է հնագիտական թիմի ղեկավարը։