24 Հոտ
2024
4.4° c ԵՐԵՎԱՆ
0.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մադուրոն կտրուկ է արձագանքել Վենեսուելայում նոր ընտրությունների կոչերին

Մադուրոն կտրուկ է արձագանքել Վենեսուելայում նոր ընտրությունների կոչերին

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն մերժել է Բրազիլիայի և Կոլումբիայի առաջնորդներ Լուլա դա Սիլվայի և Գուստավո Պետրոյի առաջարկները՝ երկրում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել այն բանից հետո, երբ ընդդիմությունը չի ճանաչել քվեարկության արդյունքները։ Նրա խոսքերը մեջբերում է TACC-ը։

«Վենեսուելան ինքնիշխան և անկախ պետություն է, ունի Սահմանադրություն և ինստիտուտներ։ Ցանկացած հակամարտություն, որը տեղի է ունենում Վենեսուելայում, պետք է լուծվի հենց վենեսուելացիների կողմից՝ իր ինստիտուտների միջոցով և Վենեսուելայի օրենսդրության և սահմանադրության հիման վրա»,- ասել է Մադուրոն։

Նա նաև հիշեցրել է, որ Կարակասը դատապարտել է անկարգությունները Բրազիլիայում, որոնք տեղի են ունեցել Լուլա դա Սիլվան պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո և աջակցել ներկայիս կառավարությանը։ Վենեսուելայի առաջնորդը նշել է, որ իր երկիրը նույնպես երբեք չի միջամտել Կոլումբիայի գործերին, և ինքը մտադիր չէ «խորհուրդներ տալ սոցիալական ցանցերում»։

Հիշեցնենք, որ հուլիսի 28-ին Վենեսուելայում նախագահական ընտրություններ էին տեղի ունեցել։ Իշխանությունները հայտարարել են երկրի գործող ղեկավար Նիկոլաս Մադուրոյի հաղթանակի մասին։ Սրանից հետո Կարակասում բախումներ են սկսվել ոստիկանների և ցուցարարների միջև։ Օգոստոսի 3-ին ԱՄՆ-ի և ԵՄ-ի օրենսդիրները համատեղ հայտարարություն էին տարածել, որում սպառնացել էին Մադուրոյին պատասխանատվության ենթարկել։

Օգոստոսի 15-ին ԱՄՆ կառավարությունը Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյից պահանջել էր ընդունել, որ իր մրցակից, ծայրահեղ աջ ընդդիմադիր թեկնածու Էդմունդո Գոնսալեսը հաղթել է հուլիսի 28-ին կայացած նախագահական ընտրություններում։