Ռուսական խանութներում վաճառվող հայկական կոնյակների գրեթե 90%-ը անվտանգ չի եղել։ Դրանց գրեթե կեսը պարունակել է ոչ խաղողային ծագման սպիրտ։ Այս մասին ասվում է «Անտիկոնտրաֆակտ» միջազգային ասոցիացիայի և Կոնյակ, սպիրտ և ալկոհոլային արտադրանք արտադրողների միության համատեղ հետազոտության մեջ։
Փորձաքննությունն իրականացնելու համար մանրածախ խանութների ցանցից ձեռք է բերվել կոնյակի 200 նմուշ Հայաստանի տասը խոշոր արտադրողների ավելի քան 20 ապրանքանիշերից։
«Դրանցից 177-ում, այսինքն՝ 89%-ում՝ 10 նմուշից 9-ում ,հայտնաբերվել են խախտումներ։ Գրեթե կեսում հայտնաբերվել է ոչ խաղողային ծագման սպիրտ։ Խաղողի ծագման սպիրտներն են հենց ըմպելիքը դարձնում կոնյակ։ Եվ միայն 23 նմուշ է, որ լիովին համապատասխանում է ԳՕՍՏ-երին և Ռուսաստանի օրենսդրությանը»,-ասված է հաղորդագրության մեջ։
Փորձաքննության արդյունքների հիման վրա՝ բողոք է ուղարկվել Գլխավոր դատախազություն, Դաշնային մաքսային ծառայություն և «Ռոսալկոհոլտաբակկոնտրոլին»՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել ներմուծվող ալկոհոլային արտադրանքի որակի ստուգումն ուժեղացնելու համար: