19 Սեպ
2024
17.4° c ԵՐԵՎԱՆ
8.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանը խոչընդոտել է Կարմիր Խաչի օգնությանը Լեռնային Ղարաբաղի պաշարման ժամանակ՝ տեղական Կարմիր մահիկի օգնությամբ․ OCCRP

Ադրբեջանը խոչընդոտել է Կարմիր Խաչի օգնությանը Լեռնային Ղարաբաղի պաշարման ժամանակ՝ տեղական Կարմիր մահիկի օգնությամբ․ OCCRP

Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը՝ OCCRP-ն ծավալուն հետաքննություն է հրապարակել, ըստ որի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոչընդոտել է Լեռնային Ղարաբաղում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի գործունեությանը՝ աջակցություն ստանալով Կարմիր մահիկի տեղական բաժանմունքից։
OCCRP-ի հրապարակումն անդրադառնում է նաև Միջազգային Կարմիր Խաչի աշխատանքի զգալի խափանումներին՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտության ֆոնին։ Ադրբեջանի Կարմիր մահիկը հրապարակայնորեն դեմ է արտահայտվել ԿԽՄԿ-ի աշխատանքին այս տարածքում։ Չնայած Կարմիր Խաչի պաշտոնական սկզբունքներին, ներառյալ չեզոքությունը, անկողմնակալությունը և միասնությունը, ադրբեջանական Կարմիր մահիկի պաշտոնյաները բազմիցս ընդունել են Ադրբեջանի կառավարության տեսակետը, հրապարակայնորեն կասկածի տակ դրել Լեռնային Ղարաբաղի հայերի տառապանքը և վիճարկել ԿԽՄԿ-ի հեղինակությունը: Ադրբեջանական Կարմիր մահիկը սերտորեն կապված է նախագահ Իլհամ Ալիևի ավտորիտար ռեժիմի հետ։ Միջազգային մարդասիրական իրավունքի փորձագետ, Ավստրալիայի համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դոցենտ Մելանի Օ’Բրայենը վերլուծել է լրագրողների բացահայտումները։ Նրա կարծիքով, Ադրբեջանը, որպես Ժնևի կոնվենցիաները ստորագրած երկիր, պարտավոր է թույլ տալ ԿԽՄԿ-ին անխոչընդոտ աշխատել։ «Բոլոր կողմերը համաձայնել են ԿԽՄԿ-ի ներկայությանը Լեռնային Ղարաբաղում, և, հետևաբար, մտահոգիչ է, որ պետությունը խոչընդոտել է նրանց աշխատանքին», – նշել է նա:
Անդրադառնալով ադրբեջանական Կարմիր մահիկի գործողություններին՝ Օ’Բրայենը հավելել է. «Եթե իմ ստացած տեղեկատվությունը ճիշտ է, ապա դա կարող է լինել Կարմիր խաչի հիմնարար սկզբունքների շատ լուրջ խախտում»: Հայտարարության մեջ ասվում է նաև, որ ԿԽՄԿ-ն «բարձր մակարդակով երկխոսություն է վարում Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավարության հետ՝ արագ փոփոխվող քաղաքական իրավիճակի համատեքստում»։ Ադրբեջանի նախագահի աշխատակազմը և ԱԳՆ-ն չեն պատասխանել մեկնաբանելու խնդրանքներին։ Ադրբեջանի Կարմիր մահիկի ղեկավար Նովրուզալի Ասլանովը ևս որևէ մեկնաբանություն չի տվել։