Կամչատկայում անհետացած Մի-8-ի որոնումներում ներգրավվել է ավելի քան 60 մարդ
Ավելի քան 60 մարդ և 15 միավոր տեխնիկա են ներգրավված Կամչատկայում նախորդ օրը անհետացած ուղղաթիռի որոնումներում․ այս մասին հայտնում է ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
«Ընդհանուր առմամբ, ցամաքային որոնումներում ներգրավված է ավելի քան 60 մարդ և 15 միավոր տեխնիկա: Ռուսաստանի ԱԻՆ ավիացիան բերվել է պատրաստության վիճակի»,- ասել են գերատեսչությունում:
Կամչատկայի արտակարգ իրավիճակների նախարար Սերգեյ Լեբեդևը լրագրողներին տեղեկացրել է, որ որոնումներն իրականացնում են փրկարարներից, կամավորներից կազմված յոթ խումբ:
«Ներկայումս որոնումները արդյունք չեն տվել: Փրկարարները գրեթե 3,5 կիլոմետր առաջ են շարժվել դեպի ուղղաթիռի ենթադրյալ անհետացման վայրը: Ճանապարհը չափազանց բարդ է: Հնարավոր է առաջ շարժվել միայն ոտքով»,- լրագրողներին ասել է Լեբեդևը:
Հիշեցնենք, որ Կամչատկայում անհետացել է “Витязь-аэро” ավիաընկերության Ми-8 ուղղաթիռը՝ անձնակազմի երեք անդամով։