Վերափոխվող Հարավային Կովկաս․ Կոբախիձեն աջակցում է Թրամփին, ՆԱՏՕ-ն վարժանքներ է անցկացնում Վրաստանում, իսկ ՀՀ-ն ԱՄՆ-ի հետ նոր համաձայնագիր է կնքում
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն աջակցություն է հայտնել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի գործողություններին «խորքային պետության» դեմ պայքարում, ինչպես նաև դատապարտել է լիբերալ ֆաշիզմը։ «Խորքային պետության» դեմ պայքարելու Թրամփի ծրագիրը կօգնի ապահովել խաղաղությունը և տարածել ճիշտ և առողջ արժեքներ»,- նշել է նա։
Կոբախիձեն կարծում է, որ դա կօգնի նաև կարգավորել հարաբերությունները Վրաստանի և ԱՄՆ-ի միջև։ Վրաստանի վարչապետը հավելել է, որ Թրամփի երդմնակալությունը շրջադարձային կլինի ԱՄՆ-ի և աշխարհի համար՝ «կեղծ-ազատական քարոզչության» տարածման պատճառով։
«Լիբերալ ֆաշիզմը խնդիր է մեր երկրի համար, (…) և այն նաև նոր զարգացումներ է ստացել վերջին չորս տարիների ընթացքում»,- հայտարարել է է Կոբախիձեն։
Նախկինում հաղորդվել էր, որ ապրիլի 28-ից մայիսի 8-ը Վրաստանի Թբիլիսիի մերձակայքում գտնվող Կրծանիսիում ՆԱՏՕ-ի երկրների մասնակցությամբ կանցկացվեն հրամանատարաշտաբային վարժանքներ։ ՆԱՏՕ-ի մի շարք երկրներ, ինչպես նաև Ադրբեջանը և Հայաստանը որպես դիտորդ, հաստատել են իրենց մասնակցությունը զորավարժություններին։
«Ռազմական քրոնիկա» տելեգրամյան ալիքն այս առնչությամն գրել է, որ Կրծանիսիի ուսումնական կենտրոնում լայնածավալ զորավարժությունների վերսկսումը տագնապալի նշան է, որը վկայում է Հարավային Կովկասում Ռուսաստանի համար լարվածության նոր բևեռի առաջացման մասին։ Հեղինակը նշել է, որ այս ամենը տեղի է ունենում Երևանի՝ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հավանական հայտարարության, ինչպես նաև Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի ստորագրման ֆոնին՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։