
Մեծ Բրիտանիայի թագավորի եղբայրը գաղտնի առևտրային փաստաթղթեր է փոխանցել Էփշտեյնին
Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզի կրտսեր եղբայրը՝ Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորը, 2010 թվականին բրիտանական պաշտոնական առևտրային փաստաթղթեր է փոխանցել Ջեֆրի Էփշտեյնին․ գրում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Էփշտեյնի գործով բացահայտված էլեկտրոնային նամակագրություններին։
Նախկին արքայազնն այդ փաստաթղթերին ուներ հասանելիություն որպես Միացյալ Թագավորության կառավարության հատուկ ներկայացուցիչ։
Հրապարակված փաստաթղթերի վերջին խմբաքանակում առկա էլեկտրոնային նամակներից պարզվում է, որ Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորն Էփշտեյնին է ուղարկել Վիետնամի, Սինգապուրի և այլ վայրերի մասին զեկույցներ, որոնք նրան ուղարկվել էին իր պաշտոնական ուղևորության համար։
Գաղտնիության կանոնների համաձայն՝ զգայուն կամ առևտրային փաստաթղթերով կիսվելը սովորաբար արգելվում է։
Վաթսունհինգամյա նախկին արքայազնը տարիներ շարունակ քննադատության է ենթարկվել Էփշտեյնի հետ իր ընկերության համար, ինչը նրան զրկել է թագավորական ընտանիքում իր դերից, տիտղոսներից և տնից։ Էնդրյուն միշտ հերքել է իր մեղքը և չի արձագանքել Էփշտեյնի գործին իր առնչության վերաբերյալ մեկնաբանությունների խնդրանքներին։


