21 Դեկ
2024
5.4° c ԵՐԵՎԱՆ
5.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հրազենային վնասվածքից զոհված Աղասի Դալլաքյանը Բասեն համայնքից էր, տան ավագ որդին

Հրազենային վնասվածքից զոհված Աղասի Դալլաքյանը Բասեն համայնքից էր, տան ավագ որդին

Այսօր հրազենային վնասվածքից զոհված Աղասի Դալլաքյանը 2023 թվականին էր զորակոչվել բանակ: Նա Շիրակի մարզի Բասեն համայնքից էր: ABC Media-ի հետ զրույցում Բասեն վարչական շրջանի ղեկավար Հայկ Մնացյանն ասաց, որ զինծառայողը խելոք, հարգանքով երիտասարդ էր, տան ավագ որդին:

«Հայրն արտագնա աշխատող է, Աղասին իրենից փոքր մեկ եղբայր ունի, դպրոցական է` 6-րդ կամ 7-րդ դասարան:

Սովորական ընտանիք էին, տանը բնակվում էին հայրը մայրը, եղբայրը, տատիկն ու պապիկը: Իրենց ընտանիքը գյուղում շատ հարգված, հավասարակշռված ընտանիք է»,-ասաց Բասեն վարչական շրջանի ղեկավար:

Խոսելով զինծառայողի մահվան շրջանառվող վարկածի` ինքնասպանության մասին, Հայկ Մնացյանը նշեց` չէր կարող պատկերացնել, որ կդիմի այդպիսի քայլի:

«Որպես գյուղի երեխա ինքը շատ հարգանքով մեծի հետ, շնորհքը տեղը, աշխատասեր երիտասարդ էր: Նախքան բանակ զորակոչվելը գյուղատնտեսությամբ էր զբաղվում, օգնում էր ընտանիքին, նույնիսկ թրթուրավոր տեխնիկա էր աշխատացնում, վար էր անում»,- ասաց Բասեն վարչական շրջանի ղեկավարը:

Հայկ Մնացյանի խոսքով` ինքն արդեն այցելել է ընտանիքին, բարեկամներն իրավիճակը սկզբում թեևացնելու համար, ասել են, որ տղան դեռ վիրավոր է, հայրն էլ այս պահին երկրում չէ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 13-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Աղասի Սերոժի Դալլաքյանի դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Նշենք, որ այս ամսվա ընթացքում սա ոչ մարտական պայմաններում զինծառայողի մահվան երկրորդ դեպքն է։