14 Հուլ
2025
37.1° c ԵՐԵՎԱՆ
31.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վարչական ղեկավարի կողմից տրամադրված կեղծ տեղեկանքների հիման վրա մի շարք անձինք ազատվել են ՊՆ կողմից կազմակերպվող վարժական հավաքներից

Վարչական ղեկավարի կողմից տրամադրված կեղծ տեղեկանքների հիման վրա մի շարք անձինք ազատվել են ՊՆ կողմից կազմակերպվող վարժական հավաքներից

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի բնակավայրերից մեկի վարչական ղեկավարը, 2025 թվականի մարտի 18-ից ապրիլի 11-ը ՀՀ ՊՆ կողմից կազմակերպվող 25-օրյա վարժական հավաքներից իր ազգականին ազատելու դիտավորությամբ, նշված ժամանակահատվածում վերջինիս՝ ՀՀ-ում գտնվելու պայմաններում, 2025 թվականի փետրվարի 11-ի թվագրմամբ ստորագրել և իր կնիքով հաստատել է կեղծ բովանդակությամբ տեղեկանք այն մասին, թե իբր նշված անձը բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում: Այնուհետև վարչական ղեկավարը հիշյալ տեղեկանքը տրամադրել է ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսարիատի աշխատակցին՝ այն դնելով պաշտոնական շրջանառության մեջ, որի արդյունքում ՀՀ զինապարտ քաղաքացին ազատվել է վարժական հավաքին մասնակցելուց․ այս մասին հայտնում են հակակոռուպցիո կոմիտեից:

Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ վարչական ղեկավարը ստորագրել և Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսարիատ է տրամադրել 2025 թվականի փետրվարի 11-ի թվագրմամբ կազմված ևս մեկ կեղծ տեղեկանք ՀՀ զինապարտ քաղաքացու համար՝ դարձյալ նշելով, որ վերջինս իբր բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում, որի արդյունքում նշված անձը նույնպես չի մասնակցել 25-օրյա վարժական հավաքին:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար վարչական ղեկավարին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ): Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Վարչական ղեկավարի կողմից 2025 թվականի փետրվարի 11-ին տրամադրված տեղեկանքների հիմքով վերը նշված երկու անձինք չեն մասնակցել 2025 թվականի մարտի 18-ից ապրիլի 11-ը ՀՀ ՊՆ կողմից կազմակերպվող 25-օրյա վարժական հավաքներին, որի փաստով ՀՀ քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) և 46-462-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) նախաձեռնվել է քրեական վարույթ և ուղարկվել ըստ քննչական ենթակայության։

Ռազմագերիներ