21 Նոյ
2025
-2° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պաշտպանության նախարարը՝ զինծառայության ժամկետը կրճատելու մասին

Պաշտպանության նախարարը՝ զինծառայության ժամկետը կրճատելու մասին

Ընդդիմության կարծիքով պարտադիր զինծառայության ժամկետը 24 ամսից 18 ամսի կրճատելու մասին օրենքը նախընտրական քարոզարշավի մի մաս է:

ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր անդրադարձավ այդ կարծիքին և պարզաբանեց, որ զինծառայության ժամկետը կրճատելու մասին միտքը նոր չէ. Կառավարության ծրագրում իրենք պատասխանատվություն են ստանձնել գործունեության հնգամյա հատվածում պայմանագրայինների ավելացման հաշվին կրճատել ժամկետային զինծառայությունը: Պապիկյանը հավելեց, որ կա մեկ այլ փաստաթուղթ, որով նույնպես վաղուց են հանձն առել կատարել այդ փոփոխությունը՝ ՀՀ բանակի կերպափոխման հայեցակարգը, ըստ որի նույնպես նմանատիպ հանձնառություն են ստանձնել:

«Կարծում եմ՝ սրանով ամեն ինչ ասված է, թե ինչպիսի երկարաժամկետ պլանավորման արդյունք է սա» , – հիմնավորեց նախարարը:

Ըստ Սուրեն Պապիկյանի՝ նոր օրենքի ընդունումը նշանակում է, որ իրենց հաջողվել է ավելացնել ժամկետային զինծառայողների թիվը՝ շնորհիվ շուրջ երկուսուկես տարի առաջ ԱԺ-ի կողմից ընդունված այն օրենքի, որով ժամկետային զինծառայողներին թույլատրվում էր վեց ամիս ծառայելուց հետո կնքել պայմանագիր:  «Պաշտպան Հայրենյաց» ծրագրով բազմաթիվ զինվորներ երկարաժամկետ իրենց կյանքը կապում են բանակի հետ. այդ թիվը հասնում է մի քանի հազարի արդեն, այսինքն՝ խոսել, որ մենք կրճատում ենք բանակը, մեղմ ասած անհեթեթություն է»,-ասաց նա:

Հարցին, թե մեկուկես տարվա զինծառայության խտացման պայմաններում ինչպե՞ս են հասցնելու պատրաստվել զինվորները, Պապիկյանը պատասխանեց, որ զինվորների պատրաստությունը տևում է չորսուկեսից վեց ամիս, այնուհետև նրանք անցնում են իրենց հիմնական ծառայությանը, որը փորձի կուտակում է:

ՊՆ նախարարը նշեց նաև «Պաշտպան Հայրենյաց» ծրագրի առավելությունների մասին. նախ՝ զինծառայողները նախկինում մեկուկես, այսուհետ արդեն մեկ տարի հավելյալ ծառայությունը կարող են անցկացնել որպես պայմանագրայիններ, ստանալ պայմանագրայինի համար նախատեսված աշխատավարձ, ատեստավորվել և այդ աշխատավարձը կրկնապատկել: Պապիկյանը ատեստավորվածների ուղիղ թիվը չհնչեցրեց, բայց ասաց, որ հասնում է մի քանի հազարի:

Վերջում նա վստահեցրեց, որ ամեն ինչ լավ է լինելու.  «Մեկուկես տարի հետո, երբ նոր օրենքն իր հետևանքները կունենա, մենք որևէ խնդիր չենք ունենալու»:

Ռազմագերիներ