
Բանակի փոխարեն՝ աշխատանք հայրենիքում․ ո՞ր բուհերի ուսանողները կազատվեն ծառայությունից
Աշխարհի թոփ 50 համալասարանների շրջանավարտ Հայաստանի քաղաքացիները կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից, եթե վերադառնան և առնվազն 3 տարի աշխատեն հայրենիքում:
Ազգային ժողովում այս տարի քննարկված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծն ավելի վաղ պատմություն ունի: ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արտակ Զաքարյանը նշում է, որ դեռևս 2018 թվականի ապրիլի 12-ին Կառավարությունը որոշում էր կայացրել թոփ 50 համալսարանում սովորող ՀՀ քաղաքացիներին տարկետման հնարավորություն տալ:
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ԱԺ-ում քննարկված նախագիծն արդարացված է համարում, եթե տարկետում ստանալուց և ուսումն ավարտելուց հետո երիտասարդներին հայրենիք վերադարձնելու խնդիր կա։
Շանհայի վարկանշավորմամբ թոփ 50 համալսարանների առկա ուսուցմամբ կրթություն ստացող քաղաքացիներ աշխատանքի ոլորտը սահմանելու է Կառավարությունը:
Արտակ Զաքարյանը համեմատական է անցկացնում նախագծի սկզբնական տարբերակի հետ և ներկայացնում հիմնական գաղափարը. «Իսկ ի՞նչն է խանգարում նույն լավագույն կրթություն ստացած մարդկանց ներառել նաև պաշտպանական համակարգի մեջ՝ ծառայությունը և աշխատանքը համատեղելով: Մենք այն ժամանակ այդ մտայնությունն ունեինք, որ լավագույն բուհերում սովորող մեր մասնագետներին՝ հատկապես բնագիտական կրթություն ստացողներին, պետությունը պետք է ներագրավի պաշտպանական համակարգի կարողությունների զարգացման գործում», – ABC Media-ի հետ զրույցում նշեց նա:
Նախարարության տվյալներով՝ 2018 թվականից թոփ 50 բուհերում ընդգրկված քաղաքացիներից սովորելու նպատակով տարկետում է ստացել 650-ը. նրանց մեծ մասը դեռ շարունակում է ուսումը արտերկրում:
Արտակ Զաքարյանը նշում է, որ ծրագրից օգտվող երիտասարդը պիտի գիտակցի, որ իր փոխարեն բանակում ծառայել են ուրիշները, և պատասխանատվություն ստանձնի թիկունքում: Հակառակ դեպքում նախագիծը կարող է վերածվել ծառայությունից խուսափելու մեխանիզմի:


